Աբսուրդ է, թե ՌԴ-ն շահագրգռված է, որ զենքը Հնդկաստանից չհասնի Հայաստան․ միջազգայնագետ

Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է խոսակցություններին, թե Ռուսաստանը խոչընդոտում է Հնդկաստանից զենք ձեռք բերելուն։

Ռուսաստանին պետք է, որ 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում ուժային բալանսը որոշ չափով վերականգնվի, որպեսզի Հայաստանը կարողանա որոշ չափով ինքն իրեն պաշտպանել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը։

Օրերս նախկին իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտնել էր, թե ունի տեղեկություն այն մասին, որ ՌԴ-ն խոչընդոտում է, որ Հնդկաստանից Իրանի տարածքով ռազմատեխնիկա բերվի Հայաստան։

«Որևէ տրամաբանություն չկա, որ ՌԴ-ն շահագրգռված է, որպեսզի զենքը Հնդկաստանից չհասնի Հայաստան։ Ընդհակառակը, Ռուսաստանը տեսնում է, որ չի կարող այն օգնությունը ուղարկել, որը կնպաստի ուժային բալանսը վերականգնելուն։ Հնդկաստանը Ռուսաստանի համար ընդունելի է, որևէ խոչընդոտ չկա»,- ասում է Սերգեյ Մելքոնյանը։

Նա նշեց` ՌԴ-ն հասկանում է, որ հիմա ունակ չէ այնքան զենք մատակարարել Հայաստանին, ինչքան կարողանում էր մինչև Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը։

Դրանից բացի, ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերջին հայեցակարգի՝ Հնդկաստանը համարվում է այն ինքնիշխան ուժային կենտրոններից մեկը, որոնք ունեն ՌԴ-ի համար ռազմավարական նշանակություն։

«Ռուսաստանը շարունակում է ռազմաարդյունաբարական ոլորտում համագործակցել Հնդկաստանի հետ։ Հնդկաստանը փաստացի որոշ չափով աջակցում է Ռուսաստանի օրակարգին, երբ չի ընդունում որևէ դիրքորոշում Ուկրաինայի հարցում հօգուտ Արևմուտքի, երբ շարունակում է նավթ գնել Ռուսաստանից այն գնով, որով ուզում է»,- հիմնավորում է միջազգայնագետը։

Սերգեյ Մելքոնյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ հիմա ինչ-որ ուժ է պետք՝ ոչ արևմտյան, որը ընդունելի է ՌԴ-ի համար, որը ունակ է և հնարավորություններ ունի ուժային բալանսը մի քիչ ուղղել հօգուտ Հայաստանի, և Հնդկաստանը շատ լավ ընտրություն է։

«Եթե լիներ, օրինակ, Ֆրանսիան, հասկանալի է՝ ինչու ՌԴ-ն կարող էր խոչընդոտ ստեղծել։ Իրանի ու Հնդկաստանի պարագայում դա աբսուրդային է»,- համոզված է միջազգայնագետը։

Նա հիշեցնում է նաև Իրանի գործոնը տարածաշրջանում՝ ինչո՞ւ մտածել, թե Իրանը ոչ ինքնիշխան երկիր է և ՌԴ-ն կարող է իրեն ասել՝ քո տարածքով Հնդկաստանի զենքերը չեն կարող անցնել։ Դա, ի վերջո, Իրանի ներքին գործն է։

Մելքոնյանի կարծիքով՝ Արևմուտքի նպատակը տարածաշրջանում կեղծ դիսկուրսներ ձևավորելն է, իբր ՌԴ-ն շահագրգռված է, որ Հայաստանը թույլ լինի, և իբր հիմա նաև Իրանն է շահագրգռված այդ հարցում։

«Դա ընդհանուր հետևողական քաղաքականության մեջ է մտնում՝ թուլացնել այստեղ Ռուսաստանին ու Իրանին, որովհետև տեսել են՝ հենց Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, Իրանն իր զորքերը հյուսիսում պատրաստ կանգնեցում է։ Երբ Ադրբեջանը ներխուժի, իրենք պատրաստ են ներգրավվել և թույլ չտալ, որ Ադրբեջանն ուժով բացի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Արևմուտքը տեսնում է, որ Իրանը դառնում է Հարավային Կովկասում ստատուս քվոյի պահպանման գլխավոր գործոններից մեկը»,–եզրափակեց միջազգայնագետը։

Տեսանյութեր

Լրահոս