Մոսկվայում Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնություններին այլընտրանք չեն տեսնում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում ցանկացած օգնություն կարելի է ողջունել, բայց միայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնությունների հիման վրա։ Պեսկովի խոսքով՝ դրանց այլընտրանք չկա:
«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր մշակումն առաջին հերթին հնարավոր է Ռուսաստանի հետ համատեղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի հիման վրա։ Առայժմ չկան իրավական այլ հիմքեր, որոնք կնպաստեին կարգավորմանը: Հետևաբար, մինչև այժմ այս եռակողմ փաստաթղթերը բացարձակապես այլընտրանք չունեն»,-ասել է Պեսկովը։
Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ Պեսկովն ասել է. «Անշուշտ, ցանկացած օգնություն, որը կարող է օգնել կարգավորմանը այս հիմքի վրա, կարող է ողջունելի լինել: Բայց մենք նաև գիտենք, որ կան տարբեր փորձեր, որոնք խարխլում են կարգավորման հիմքերը, ինչը հետագայում կարող է արդյունք չտալ: Հուսանք, որ տվյալ դեպքում խոսքն առաջին դեպքի մասին է»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Վաշինգտոնում մայիսի 1-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։