«Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունը չի կարող բխել Արցախի շահերից՝ չարչիական դիվանագիտությունը երբեք արդյունք չի տվել». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝  2020 թվականի նոյեմբերի 9-ից ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Ստեփանակերտի հետ բանակցությունները կարող են լինել միայն «ինտեգրման» օրակարգով։

«Ակնկալել, որ Արարատ Միրզոյանը դիվանագիտության տեսանկյունից լինելու է մի ռահվիրա և շրջելու է ադրբեջանական մոտեցումները, կարծում եմ՝ նաիվություն է։ Մենք ականատես ենք լինում ադրբեջանական հերթական պայմանի կատարմանը. Ոչ՝ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունը չի կարող բխել Արցախի շահերից։ Դրա մասին խոսել են Արցախի ամենատարբեր պաշտոնյաներ, որովհետև հանդիպման օրակարգը ոչ թե հումանիտար  հարցերի վերաբերյալ է, այլ խոսքը ռեալ քաղաքական բանակցությունների մասին է, որը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից։

Այդ պարագայում ես հիմնվում եմ Ադրբեջանի հայտարարությունների վրա, թե իրենք ինչի շուրջ են բանակցելու»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա, ՀՀ այսօրվա կառավարիչներն իրենց խոսույթով փորձում են առաջ տանել այն թեզը, որ Հայաստանը ներկայացվածություն չունի Արցախում որևէ կերպ, Հայաստանը կապ չունի այդ գործընթացի հետ, դա կարգավորվում է  նոյեմբերի 9-ի փաստաթղթով, և այլն։

Կարդացեք նաև

«Մենք երկու տարի շարունակ հայտարարում ենք, որ պաշտոնական Երևանը ձեռքերը լվացել է Արցախից, դրան փորձում էին հերքումներ տալ, հիմա իրենց իսկ խոսույթով, հրապարակային ասում են՝ ձեռքերը լվանում են Արցախից։ Եթե կան մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հավատում ընդդիմադիրներին, չեն հավատում հրապարակված փաստաթղթերին՝ հրապարակված Արմեն Աշոտյանի կողմից, չեն հավատում իմ հնչեցրած գնահատականներին, որոնք ես ստացել եմ եվրոպական ամենատարբեր պաշտոնյաներից, հիմա գոնե կհավատա՞ն, որ բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա, Արցախյան հակամարտությունը երբևէ չի հանդիսացել տարածքային վեճ, ՀՀ որևէ ղեկավար խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին՝ երբեք չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, մեկ պարզ պատճառով, որ Արցախը շատ ավելի շուտ է անկախացել, քան ինքնին ստեղծվել է  Ադրբեջանը։ Ուստի այս ամենի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մանիպուլյացիա են։

«Արդեն որերորդ անգամ ես վերահաստատում եմ՝ չկա ՀՀ որևէ պաշտոնյա, որը հրապարակային այս հարցի շուրջ խոսելիս միջազգային հարթակներում, բացի ընդդիմադիրներից, խոսի Արցախի ինքնորոշման հարցի մասին։

Հայաստանն առաջնորդվում է չարչիական դիվանագիտության պրինցիպով, փորձում է  աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնում սրանից ու նրանից բողոքելով՝ մնալ ջրի երեսին։ Սա շատ կարճ կյանք ունեցող քաղաքականություն է»,- հավելեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս