Ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից` մանրադրամը արկղը գցել չթողնելու, ծխելու համար

«Նախորդ շաբաթ համացանցում գրառում էր տեղադրվել, որտեղ կար բողոք մեր վարորդներից մեկի ոչ հարիր պահվածքի մասով: Ասվում էր, որ վարորդն իրեն ագրեսիվ է պահել ավտոբուսը վարելու ընթացքում, ծխել է՝ մնացորդը դուրս նետելով, ինչպես նաև ուղևորներին պարբերաբար հորդորել է, որ մանրադրամը փոխանցեն իրեն»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության հերթական խորհրդակցության ժամանակ տեղեկությունը փոխանցեց քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը:

«Երևանի ավտոբուս» ԲԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը հայտնեց, որ բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ, ու իրենք դիտել են տվյալ տեսանյութը:

«Հաստատվեց, որ վարորդն իրեն շատ վատ է պահել, չի թողել, որ ուղևորը մանրադրամը գցի արկղի մեջ, ծխել է, ծխախոտը դուրս է նետել: Այդ վարորդը հեռացվել է աշխատանքից: Մենք ամենօրյա ռեժիմով վարորդներին հորդորում ենք, որ ղեկին չեն ծխելու, բոլորը լինելու են սափրված, մաքուր: Եթե կլինեն վարորդներ, որ շարունակում են ծխել, կհեռացվեն աշխատանքից: Քաղաքացիներին ուզում եմ խնդրել, որ ավտոբուս բարձրանալիս ունենան 100-դրամանոց և գցեն արկղը, չտան վարորդին»,- նշեց Հովհաննես Մանուկյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս