Բաժիններ՝

Ըմբիշ Արսեն Հարությունյանը տեղափոխվելու է 57 կգ քաշային կարգ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նշում է՝ ֆիզիկապես, և հոգեբանորեն պատրաստ է եղել օրերս Զագրեբում անցկացված Եվրոպայի առաջնությանը, որի ընթացքում երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։

«Իմ մրցելույթները կգնահատեմ լավ, քանի որ այս առաջնությանը շատ լավ էի պատրաստվել թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես: Կառանձնացնեմ եզրափակիչ գոտեմարտը: Ինքս ինձ պետք է ապացուցեի, որ կարող եմ նրան հաղթել, քանի որ այս առաջնությունից հետո քաշային կարգս փոխելու եմ` տեղափոխվելու եմ 57 կգ: Եվ մրցակիցս էլ այդ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարությունյանը շեշտեց, որ հաջորդիվ միջազգային մրցաշարի պետք է մասնակցի, որտեղ էլ հանդես կգա նոր քաշային կարգում` 57 կգ-ում։ Եթե հաջող լինի ամեն ինչ, ապա աշխարհի առաջնությունում նա հանդես կգա այդ քաշային կարգում:

Եվրոպայի եռակի չեմպիոնը առանձնացրեց նաև, որ իր մրցելույթից առաջ հետևել է Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, որտեղ Հայաստանի հավաքականն առաջին ոսկե մեդալն էր նվաճել:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը մրցեց Ալբանիան ներկայացնող Զալիմխան Աբակարովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 5:2 հաշվով: Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձել էր 2019 և 2022 թվականներին: Նա Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից է, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս