Հայաստանն «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով առարկություններ է ներկայացրել Հաագայի դատարան
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործով Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախնական առարկությունները։ Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
Նշենք, որ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործը քննվում է Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում։
«Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Նախնական Առարկություններն Ադրբեջանի կողմից ներկայացված ամբողջական հայցադիմումի վերաբերյալ՝ փաստարկված կերպով հիմնավորելով Ադրբեջանի հայցադիմումում ներկայացված պահանջների մեծամասնության վերաբերյալ Դատարանի իրավազորության բացակայությունը, դրանց անընդունելի լինելու հանգամանքը։
Դատարանը կասեցրել է տվյալ գործի ըստ էության քննությունը մինչեւ Հայաստանի կողմից ներկայացված Նախնական Առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը»,- նշվում է հաղորդագրության մեջ: