Պետբյուջեից աշխատավարձ ստացողներս պետք է սատարենք դժվար կացության մեջ հայտնված հայրենակիցներին. Արցախի պետնախարար
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը պետական բյուջեից աշխատավարձ ստացող, ինչպես նաև ֆինանսական բավարար հնարավորություններ ունեցող հայրենակիցներին կոչ է անում կամավորությամբ իրենց աշխատավարձ-եկամտի մի մասը փոխանցել Արցախի կառավարության արտաբյուջետային հաշվին՝ շրջափակման ընթացքում ծանր վիճակում հայտնված հայրենակիցներին աջակից լինելու և սոցիալական արդարության ու հանրային համերաշխության ապահովման ուղղությամբ կարևոր քայլ կատարելու համար։
Գուրգեն ներսիսյանի կոչում նշված է. «Արցախի Հանրապետության չորսամսյա շրջափակումը առաջացրել է բազմաթիվ սոցիալ-տնտեսական հետևանքներ. մարդկանց սոցիալական նվազագույն կարիքներն ապահովվում են մեծ դժվարությամբ՝ հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, իսկ հազարավոր անձինք զրկվել են իրենց եկամտից:
Թեև Արցախում բնակվող բոլոր քաղաքացիները շրջափակման մեջ են հավասարապես, այդուհանդերձ, սոցիալական կարգավիճակով ու շրջափակման հետևանքների հաղթահարման հնարավորությունների առումով կան էական տարբերություններ: Կառավարությունը աջակցության մի շարք ծրագրերով որոշակիորեն մեղմել է գործազրկության հարուցած սոցիալական լարվածությունը, սակայն խնդիրը մնում է սուր թե՛ եկամտի աղբյուր կորցրած, և թե՛ խոցելի խմբերի պատկանող այլ անձանց համար, որոնցից կուզեի հատկանշել, օրինակ, տեղահանված մեր հայրենակիցներին:
Սոցիալական արդարության և հավասարության ապահովումը պետության հիմնական գործառույթներից է, սակայն կարծում եմ, որ հատկապես նման ծանր իրավիճակներում կարևոր է նաև քաղաքացիների կողմից լրացուցիչ աջակցությունը պետությանը: Բնականաբար, պետական բյուջեով նախատեսված են ու գործում են սոցիալական աջակցության մի շարք միջոցառումներ, սակայն կարիքը շատ ավելի մեծ է, քան հնարավորությունները: Բացի դրանից, կարևոր է հատկապես ճգնաժամային իրավիճակներում ցուցաբերել հանրային պատասխանատվություն ու համերաշխություն և ապահովել փոխօգնության ավելի բարձր միջավայր:
Այս իրավիճակում ամենաընդունելի մոտեցումը մեր հնարավորությունների մեկտեղումն ու միմյանց ապավեն լինելն է, որի ուղղությամբ առաջին քայլը պետք է կատարենք մենք՝ պետական կառավարման համակարգում աշխատողներս (իհարկե, առաջնահերթորեն պետական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձինք), քանի որ մեր եկամտի չափը շրջափակման պայմաններում պահպանվել է:
Հետևաբար, պետական բյուջեից աշխատավարձ ստացող, ինչպես նաև ֆինանսական բավարար հնարավորություններ ունեցող մեր հայրենակիցներին խնդրում, հորդորում, կոչ եմ անում կամավորությամբ իրենց աշխատավարձ-եկամտի մի մասը փոխանցել ԱՀ կառավարության արտաբյուջետային հաշվին՝ շրջափակման ընթացքում ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակից լինելու և սոցիալական արդարության ու հանրային համերաշխության ապահովման ուղղությամբ մեր կարևոր քայլը կատարելու համար: Ես առաջինն եմ ստանձնում այդ պատասխանատվությունը և աշխատավարձիս 50 տոկոսը ուղղում եմ այդ նպատակին:
Հասկանում եմ, որ իմ այս հայտարարությանն ի արձագանք արդարացիորեն կարող են հնչել կոռուպցիայի, հափշտակությունների, պետական միջոցների փոշիացման և հափշտակված հանրային միջոցները պետական բյուջե վերադարձնելու մասին հայտարարություններ, սակայն դրանք միացյալ ու երկարատև ջանքեր պահանջող աշխատանքներ են, որոնք ընթացքում են, իսկ դժվարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին սպասեցնել տալու իրավունք չունենք:
Հավաքագրված գումարը կիրառվելու է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից՝ նյութական աջակցության տրամադրման ձևավորված մեխանիզմներով՝ դիմող ընտանիքի կամ անձի կարիքների գնահատման հիման վրա:
Փոխանցումները պետք է կատարել կառավարության հետևյալ հաշվեհամարին՝ 22300612211100՝ նպատակի դաշտում նշելով «աջակցություն կարիքավոր ընտանիքներին»:
Եթե ուզում ենք միասնական ու համախմբված լինել, եկեք կատարենք մեր քայլը, եկեք ինքներս մեզ, Արցախից դուրս բնակվող մեր հայրենակիցներին, աշխարհասփյուռ հայությանը ապացուցենք, որ Արցախը մեր մեծ ընտանիքն է, որում լքված կամ միայնակ ընտանիքի անդամ չկա և չի կարող լինել»: