Ես առհասարակ չեմ թքում, կարիքից ելնելով եմ թքում. Մաթևոս Ասատրյան
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանն ասաց, որ իր կարծիքով՝ որպեսզի երկրին վերաբերող հարցերը միայն իշխանությանը չեն վերաբերում, դրանք և ժողովրդինն են, և իշխանությանը, և ընդդիմությանը։
«Պետք է քայլեր անել, ոչ թե մեղադրական տոնով դուրս գալ ու խոսել, կամ անձնական վիրավորանքների միջոցով փորձել էմոցիաներ ստեղծել։
Ընդդիմությունն ի սկզբանե չի կարողացել համակերպվել այն մտքի հետ, որ մենք իշխանություն ենք, և ի սկզբանե իրենք իրենց առջև խնդիր են դրել, որ պիտի հասնեն իշխանության, բայց ձևը ճիշտ չեն ընտրել, թե ինչպես պետք է հասնեն։ Պետք է լսեն ժողովրդին, ժողովուրդն է քվե տալիս»,- նշեց Մաթևոս Ասատրյանը։
Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ չեն հանդուրժում ընդդիմադիր պատգամավորի՝ ԱԺ ամբիոնի մոտ իրականացրած ակցիան, այն դեպքում, երբ իրենք հեղափոխության օրերին ԱԺ նիստերի դահլիճում հանգիստ ակցիաներ էին իրականացնում, Մաթևոս Ասատրյանը պատասխանեց, որ ինքը միշտ հարգել է ինստիտուտը, անկախ նրանից՝ իր համար ընդունելի՞ է եղել տվյալ պահի ղեկավարը, թե՞ ոչ։
«Ես ինձ երբեք թույլ չեմ տվել ղեկավարի հասցեին վատ բաներ հնչեցնել, որովհետև նա երկրի ղեկավարն է եղել, նա ներկայացրել է այս պետությունը տարբեր հարթակներում։ Բայց երբ մենք ինքներս այսօրվա ղեկավարին ամենավերջին հայհոյանքներն ենք տալիս, հետո թշնամական երկրի ղեկավարը կամ նրանց կողմից ինչ-որ մեկը վիրավորական արտահայտություն է անում, ասում ենք՝ ինչո՞ւ չեք պատասխանում»,- հավելեց իշխանական պատգամավորը։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ քաղաքացու վրա Ալեն Սիմոնյանի թքելուն, Մաթևոս Ասատրյանն ասաց, որ որևէ մեկն իրավունք չունի իրեն դավաճան ասելու, անկախ ամեն ինչից։
«Ես առհասարակ չեմ թքում նման դեպքերում, կարիքից ելնելով եմ թքում, եթե դրա կարիքը կա»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում