«Ստելու լիմիտը սպառվել է. Փաշինյանը կստանա համարժեք պատասխան». Թագուհի Թովմասյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հրատապ ասուլիսի ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը խայտառակություն էր:
«Որևէ խորհրդարանում չեք տեսնի, որ թիկնազորը այդպիսի ագրեսիվությամբ քաշքշի պատգամավորներին, այն էլ ՝ընդմիջման ժամին: Ես ուզում եմ հայտարարել, որ ԱԺ նախագահի ՝ մեզ դահլիճից դուրս հրավիրելու հրամանը միանգամայն ապօրինի էր, երբ հենց ինքը հայտարարեց ընդմիջում: Երկրորդ՝ ԱԺ նախագահի հրամանը կատարողները իրավունք չունեին որևէ կերպ խոչընդոտել պատգամավորների աշխատանքին, որովհետև հենց իրենց կանոնադրությամբ նախատեսված է, որ նրանք կարող են և պարտավոր են չեզոքացնել վտանգը, իսկ իմ ակցիան, որին հետո միացան իմ գործընկերները, մենք ուղղակի կանգնած էինք, որևէ մեկի անվտանգությունը դրանից չէր տուժում»,- ասաց պատգամավորը:
Թագուհի Թովմասյանի խոսքով՝ իրենք բախվել են շատ կոշտ ապօրինության, որը պետք է ունենա հետևանքներ.
«Ես հիմա աշխատում եմ դիմումի տեքստի վրա և ուղարկելու եմ բոլոր ուժային կառույցներին, որպեսզի պահանջեմ քրեական պատասխանատվություն կրեն բոլոր այն մարդիկ, ովքեր թույլ են տվել ապօրինություններ: Մենք չենք կարող ուղղակի հանդուրժել, որ ՔՊ խմբակցությունը, որը ԱԺ-ն փորձում է դարձնել իրենց սեփական օբյեկտը, անընդհատ անի այն, ինչ ցանկանում է: Չի՛ լինելու: Այդ կոմֆորտ զոնայում իրենք չեն կարողանալու այլևս շարունակել, որովհետև իրենք սպառել են իրենց ստելու լիմիտը: Եթե հանկարծ շարունակի Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից սուտ խոսել, ամեն անգամ սուտը ստանալու է համարժեք պատասխան: Մենք այլևս չենք թողնելու՝ նա ստեր հնչեցնի ԱԺ ամբիոնից: Եթե իրենք չեն հարգում այդ ամբիոնը, մենք այդ ամբիոնի արժեքը գիտենք, և նաև հասկանում ենք խոսքի արժեքը, ու թույլ չենք տալու, որ վարչապետ կոչվածը երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ գա ու սկսի ստել»:
Պատգամավորը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Սոթքում ամեն օր կրակոցներ են. «Կրակում են և չեն թողնում 800 աշխատակից գնա աշխատանքի: Հանքավայրը փակ է և հարկադիր պարապուրդի են ուղարկել քաղաքացիներին: Դուք հասկանում եք՝ սոցիալապես անապահով Վարդենիսում 800 ընտանիքի այդ վիճակն ինչ է նշանակում: Այսինքն՝ նշանակում է, որ մարդիկ չեն կարողանալու ապրել մեր հայրենիքում: Հիմա, սրա համար որևէ մեկը չպե՞տք է պատասխանատվություն կրի: Ես այսօր տեղեկանում եմ, որ մարդիկ հավաքվել են ու անգամ մարզային իշխանություններն են հրաժարվել նրանց հետ հանդիպել: Մարզպետն ասել է, որ կառավարության նիստի ժամանակ կզեկուցի, որ հանքը փակ է: Բա 5-6 օր հանքը փակ է ու դուք նո՞ր եք զեկուցում վարչապետին»:
Թագուհի Թովմասյանը հատուկ ուշադրություն հրավիրեց նաև արցախյան հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներին. «Նա ակնհայտորեն դավաճանական հայտարարություններ է անում՝ ասելով, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց առանձնացնելու Արցախի հարցի մասին որևէ ձևակերպում: Սա նշանակում է՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որը մենք չենք կարող թույլ տալ: Այդ հայտարարությունն այն կարմիր գիծն էր, որ դրանից հետո այլևս չպետք է Նիկոլ Փաշինյանն իրեն կոմֆորտ զգա ԱԺ ամբիոնում ու անընդհատ փորձի ինչ-որ ստեր ասել: Այդ լիմիտը սպառվել է և մենք շարունակելու ենք տարբեր ակցիաներ: Ինչ կանենք՝ ապագայում ժամանակը ցույց կտա»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում