Իրանի դատարանը 10 զինվորականի ազատազրկման է դատապարտել ուկրաինական Boeing-ի կործանման գործով
Իրանի դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել 10 զինծառայողների նկատմամբ՝ 2020 թվականին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737-800 ինքնաթիռի խոցման գործով:
Մոտ 20 դատական նիստերից հետո «Տուր Մ-1» հակաօդային պաշտպանության համակարգերի գլխավոր կառավարիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման: Նա նաև պարտավոր է դրամական փոխհատուցում վճարել զոհերի ընտանիքներին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ կառավարիչը, հակառակ հրամանատարական կետի հրամանին և առանց թույլտվություն ստանալու, Թեհրանից Կիև ուղևորվող ուկրաինական ինքնաթիռն ընդունելով «թշնամու թիրախի» տեղ, երկու հրթիռ է արձակել դրա ուղղությամբ։
Գործով ևս ինը մեղադրյալներ, որոնք միջադեպի պահին ծառայում էին «Տուր Մ-1» ՀՕՊ կառավարման խմբում, դատապարտվել են ազատազրկման՝ 1,5-ից 3 տարի ժամկետով։
Իրանի դատարանն ընդունել է լրացուցիչ միջոցներ, որոնց համաձայն՝ ինը մեղադրյալները, ինչպես նաև գլխավոր մեղադրյալը պետք է հարազատների ընտանիքներին վճարեն 150 հազար դոլարի չափով դրամական փոխհատուցում յուրաքանչյուր զոհվածի համար։
Դատարանի վճիռը նախնական է և կարող է բողոքարկվել 20 օրվա ընթացքում։ Ինչպես նաև, ըստ հայցվորների միջնորդության, զինդատախազությունը պետք է շարունակի հետաքննությունը և արդյունքում մեկ այլ քրեական գործ հարուցի հնարավոր մեղավորների նկատմամբ։
Ուկրաինայի միջազգային ավիաուղիների PS752 չվերթը (Boeing 737-800) վթարի է ենթարկվել 2020 թվականի հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից Կիև թռիչքի մեկնարկից շատ չանցած: 176 զոհվածների թվում եղել են Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իրանի, Կանադայի, Ուկրաինայի և Շվեդիայի քաղաքացիներ։ Հունվարի 11-ին իրանցի զինվորականները հայտարարել են, որ սխալմամբ խոցել են ռազմական օբյեկտի մոտով թռչող Boeing-ը`ինքնաթիռն ընդունելով «թշնամու թիրախի» տեղ։ Թեհրանը Կիևին է փոխանցել ինքնաթիռի կործանման պատճառների տեխնիկական հաշվետվության նախագիծը։ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան դա համարել է աղետի իրական պատճառները թաքցնելու փորձ: