Իրանը մտադիր է ՍԱ-ի հետ առևտրի տարեկան ծավալը ավելացնելմինչև 1 մլրդ ԱՄՆ դոլարի
Իրանի էկոնոմիկայի նախարար Էհսան Խանդուզին հայտարարել է, որ տնտեսական կապերը վերսկսելու գործում իբրև առաջին քայլ Թեհրանը մտադիր է ավելացնել Էր-Ռիադի հետ առևտրի տարեկան ծավալը մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլարի։
Ելույթ ունենալով Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում, Խանդուզին ավելացրեց, որ նպատակը դրվել է Իրանի Առևտրին նպաստող կազմակերպության կողմից, հաղորդում է IRIB News-ը։
Ըստ նախարարի, հաշվի առնելով, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան լրջորեն են տրամադրված երկկողմանի համագործակցությունը վերսկսելուն, օրակարգում դրված է համատեղ առևտրային պալատի ստեղծման հարցը:
Նա ընդգծեց, որ երկու երկրները ընդհանուր առմամբ համատեղ տնտեսական հանձնաժողովի յոթ նիստ են անցկացրել և փոխանակվել առևտրի ու համագործակցության 20 փաստաթղթերով։
Իրանի նախարարն ասել է, որ մի քանի տարիների ընթացքում երկրները երկկողմանի առևտուր չեն ունեցել, բայց նախորդ իրանական տարում, լարվածությունը թուլացնելու երկուստեք ջանքերի շնորհիվ, թագավորություն իրանական արտահանման արժեքը հասել է 15 մլն դոլարի։
Խանդուզին տեղեկացրել է նաև, որ մոտակա շաբաթներին մեկնելու է Սաուդյան Արաբիա։