Խոնարհություն
Լավ է, որ Դու խոնարհ դարձրիր ինձ, որպեսզի Քո արդարադատությունը սովորեմ (Սաղմ. ՃԺԸ 71-72)։
Եթե կամենում ես հասնել Սուրբ Գրքի ճշմարիտ գիտությանը, ապա պետք է ջանաս ձեռք բերել սրտի անսասան խոնարհություն, որը, սիրո մեջ կատարելության հասնելով, կառաջնորդի քեզ այնպիսի իմացության, որը չի հպարտացնում, այլ լուսավորում է: Քանզի անմաքուր հոգու համար անհնար է հոգևոր գիտության շնորհ ձեռք բերել: Ուստի ամենայն զգուշությամբ խուսափի՛ր, որ ընթերցանության մեջ վարժվելիս քեզ մոտ գիտության լույսի ու հավերժական փառքի փոխարեն պիղծ հպարտությունից չառաջանան կործանման պատճառ հանդիսացող հատկություններ (ս. Իոան Կասիան):
Աստվածաշունչը քննելու սերը հանուն նանիր հետաքրքրության թշնամություն և վեճ է առաջացնում, իսկ լացը սեփական մեղքերի համար խաղաղություն է պարգևում: Իր խցում նստած վանականի համար Ս. Գրքի այդպիսի սին քննությունը մեղք է, մանավանդ երբ այն ուղեկցվում է սեփական մեղանչումների անտեսմամբ: Ուստի մեկը Ս. Գրքում ուշադրություն է դարձնում երկրորդական բաների յուրացմանը և հարց տալիս` այդպե՞ս է, թե՞ ոչ, և դեռ իրեն չգտած, նանիր սիրտ ունենալով` մեղքի ծանր ու երկարատև գերության մեջ է հայտնվում:
Մյուսը զգոնությամբ խուսափում է այդ գերությունից և սիրում է երեսն ի վայր ընկնել Աստծու առաջ: Մեկ ուրիշը աճապարելով Աստծու նմանությունն է փնտրում, սակայն աստվածանարգության մեջ է ընկնում: Մեկն էլ ձգտում է պաշտել Նրան` սիրելով մաքրությունը Աստծու երկյուղի մեջ. նա պահում է Աստծու խոսքերը ու պարտադիր համարում դրանք իր համար և ձեռք բերում աստվածագիտություն: Հետևաբար, աստվածային վեհ բարձունքներ մի՛ փնտրիր, այլ աղերսի՛ր, որ Նա գա և փրկի քեզ մեղքից: Չէ՞ որ Աստծու շնորհներն իրենք իրենց են գալիս, եթե նրանց տեղը մաքրված և նվիրականացված է: Ով հաստատվում է սոսկ սեփական իմացության մեջ և հետևում միայն իր կամքին, նա չի կարող խուսափել սիրտը տրտմեցնող ոգուց:
Ով քննում է Աստվածաշնչի խոսքերը` տեղ տալով միայն իր գիտությանը և հենվելով այդ խոսքերի վրա, որ ասի.«Դա այդպես է», նա չի ճանաչում իր իրական փառքը և իր իրական հարստությունը: Եվ ընդհակառակը, ով կարդալով Ս. Գիրքը` ասում է. «Չգիտեմ, քանզի մարդ եմ», նա փառավորում է Տիրոջը: Եվ նրա մեջ ըստ կարելվույն Աստծու հարստությունն է ամբարվում (ս. Ամմոն):
Գրիգոր Դարբինյան
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից