Որևէ հակամարտության ռազմական փուլին նախորդում է ժողովրդի պառակտումը. Շավարշ Քոչարյանի պրեզենտացիան

«Անցյալում միջազգային հարաբերությունների համակարգի փոփոխության ժամանակահատվածներում են տեղի ունեցել հայ ժողովրդի ողբերգական կորուստները»,- այսպես սկսեց իր ելույթը ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր մեկնարկած «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ընթացքում:

Ըստ նրա համակարգը փոխվում է այն դեպքում, երբ գերտերությունների միջև գոյություն ունեցող ուժային հավասարակշռությունը խախտվում է, դրան հետևում է քաոսային անցման փուլը, մինչև հաստատվում է նոր համակարգ: Ապա պատմական ակնարկ անելով դեռևս 19-րդ դարից՝ նապոլեոնական արշավից սկսված իրադարձությունների մասին, հասնելով մինչև առաջին աշխարհամարտի  ավարտ և նոր համակարգի ձևավորում, ներկայացրեց, թե ինչ կորուստներ է կրել հայ ժողովուրդը՝ երկու ցեղասպանություն՝ համիդյան և 1915 թվականի:  Շավարշ Քոչարյանի գնահատմամբ՝ հենց նոր համակարգի ձևավորման ժամանակ էլ արձանագրվեց մեր պատմական հայրենիքի մեծ մասի կորուստը:

«Սա շատ կարևոր է գիտակցել, որովհետև հիմա մենք կրկին գտնվում ենք միջազգային հարաբերությունների համակարգի փոփոխության փուլում: Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված համակարգը հիմնված էր երկբևեռ աշխարհի վրա. մի կողմից՝ ԱՄՆ, մյուս կողմից՝ ԽՍՀՄ: ԽՍՀՄ փլուզումը բերեց նրան, որ այդ համակարգն արդեն խախտվեց և առաջացան տարբեր խաղացողների մղումներ: ԱՄՆ նպատակը շատ հստակ է. ամեն գնով հաստատել միաբևեռ համակարգ: Բազմաթիվ պետություններ դրան դեմ են: Քանի որ պատերազմները, բախումներն անցումային փուլում անխուսափելի են, ժամնակակակից միջազգային հակամարտություններին բնորոշ են առանձնահատկություններ, որոնցից առաջինն այն է, որ պատերազմները սկսվում են՝ չհայտարարելով, չեն ավարտվում խաղաղության պայմանագրով, այլ որպես կանոն՝ դա լինում է  փխրուն հրադադար, որը ցանկացած պահի կարող է նորից խախտվել: Իսկ խաղաղության պայմանագիրը հնուց եկող գաղափար է, երբ գործում էր ուժի իրավունքը: Երբ Խաղաղության պայմանագրով ուժեղը թույլին պարտադրում էր իր բոլոր պայմանները: Այսօր, երբ ասում ենք՝ «խաղաղության պայմանագիր», կամա թե ակամա, նույն Թուրքիան և Ադրբեջանը դրանով են առաջնորդվում: Խաղաղության պայմանագրի տակ հասկանում են հնուց եկած գաղափարը, որ պետք է պարտադրեն իրենց պայմանները»,- նշեց Շավարշ Քոչարյանը:

Այնուհետև նա անդրադարձավ ստեղծված իրավիճակին և դրանից դուրս գալու հնարավորություններին, մասնավորապես ընդգծելով համախմբման անհրաժեշտությունը.

Կարդացեք նաև

«Դա պետք է լինի հստակ ձևակերպված նպատակների շուրջ, որը թույլ կտա համախմբել Հայաստանում բոլոր ուժերին: Երկու պետություններ, Սփյուռք և ներդաշնակ համագործակցություն: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է  հենց այդ նպատակը, որը նաև խթան է երկու հայկական պետությունների արդյունավետ գործելուն»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարարը:

Իսկ թե ինչ հետևանք կունենա Արցախի ժողովրդի իրականացված ինքնորոշման իրավունքից հրաժարվելու հանգամանքը, Շավարշ Քոչարյանը մանրամասնեց.

«Առաջինը նշանակում է՝ Արցախի հանձնում Ադրբեջանին, որն իր հերթին՝ ենթադրում է Արցախի հայաթափում՝ տարբեր սցենարներով: Արցախը դե ֆակտո կայացած պետություն է, ավելին, անհնար է Արցախի ժողովրդի գոյատևումն Ադրբեջանի կազմում: Եթե դու հրաժարվում ես ինքնորոշման իրավունքից՝ ագրեսոր Ադրբեջանի մեղքը  քո վրա ես վերցնում. խոսքը վերաբերում է Հայաստանին: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ փաստացի քո դաշնակիցը քո հակառակորդն է, ում շահերը բավարարում ես՝ հակառակ սեփական ազգային, պետական, գոյաբանական շահերի: Այստեղ կարևոր է գիտակցել, որ առաջնայինը սեփական շահերի հստակ ֆիքսումը և հետամուտ լինելն է: Այդ դեպքում դու կունենաս դաշնակիցներ: Եթե դա չես անում՝ մանրադրամ ես բոլորի համար: Մենք մեր դաշնակիցներին կորցնում ենք, նորերին ձեռք չենք բերի, քանի դեռ հստակ չենք ձևակերպել մեր շահերը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս