Էլեկտրոնային պայմանագրեր կնքելիս՝ քաղաքացին կլինի ավելի պաշտպանված
Սպասվում են նոր օրենսդրական փոփոխություններ. Էլեկտրոնային պայմանագրեր կնքելիս քաղաքացին կլինի ավելի պաշտպանված:
ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն»-ի տնօրեն Տիգրան Դադունցը նշեց, որ ոլորտում օրենսդրական դաշտը կարգավորմանը միտված նախագծերի փաթեթը դեռևս ընդունված չէ, և այժմ գտնվում է Ազգային ժողովում քննարկումների փուլում:
«Նախ նշեմ, որ փաթեթի հիմնական կտորը վերաբերվում է քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններին, քանի որ քաղաքացիական օրենսգրքն է այն հիմնական օրենքի իրավական ակտը, որ կարգավորում է այս դեպքում պայմանագրային հարցերը և հարաբերությունները, իսկ մեր քաղաքացիները ցանկացած առիթով պայմանագրային հարաբերությունների մեջ են մտնում այս կամ այն սուբյեկտի հետ, հատկապես այն դեպքերում, երբ օգտվում են որոշակի ծառայություններից կամ ապրանքներ են ձեռք բերում»,- ասաց Դադունցը:
Նա հավելեց, որ հատկապես այժմ շատ զարգացած է առցանց հարթակներում ապրանքներ ձեռք բերելը, երբ քաղաքացին ոչ թե թղթային ձևով, գրավոր պայմանագիր է կնքում արտադրողի, ապրանք վաճառողի կամ ծառայություն մատուցողի հետ, այլ այդ ամենը իրականացվում է էլեկտրոնային հարթակում՝ վիրտուալ ձևով:
Ըստ նրա՝ այս պարագայում, երբ քաղաքացին մտնում է որևէ կայք կամ հավելված և ինչ-որ ծառայություն է ձեռք բերում, շատ դեպքերում չի տեսնում, որ համաձայնություն է տալիս պայմանագրի որոշակի պայմանների, որոնցով կարգավորվում են իրենց հարաբերությունները:
«Մարդիկ, յուրաքանչյուր բան պատվիրելիս, կտեսնեն օգտագործման կարգ և պայմաններ հատվածը, որտեղ մուտք գործելով՝ էջերով կտեսնեն մի շարք պայմաններ, որոնք կարգավորում են ամբողջ հարաբերությունները քաղաքացու և ծառայություն մատուցողի միջև: Բայց վստահ եմ, որ շատեր այդ կետերը չեն կարդում և դրա պատճառը հաճախ այն է լինում, որ օգտագործման կարգը և պայմանները տեսանելի ձևով չեն ներկայացվում սպառողին:
Եվ այժմ այս կարգավորումներով նախատեսում ենք, որ պայմանագիրը կարող է լինել ոչ միայն մեր իմացած թղթային տարբերակով, որտեղ բոլոր կետերը նշված են և քաղաքացին տեսնում է, այլ նաև պայմանագիրը կարող է ունենալ ընդհանուր պայմաններ, որոնք պարտադիր չէ, որ գրված լինեն հենց կոնկրետ ապրանք ձեռք բերելու ընթացքում, այլ բիզնեսմենը, վաճառողը կարող է դրանց հղում կատարել ասելով՝ հարգելի հաճախորդ այս ապրանքը ձեռք բերելիս դու համաձայնվում ես իմ ընդհանուր դրույթներին և պայմաններին, ու սա անպայման պետք է տեսանելի լինի սպառողին»,- ասաց նա:
ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն»-ի տնօրենն ընդգծեց, որ կարգավորումների հիմնական մեխը այն է, որ եթե բիզնեսը օգտագործում է նման դրույթներ և պայմաններ, նա պետք է սպառողին մատչելի ձևով այն մատուցի: «Օրինակ, մեծ տառերով նշվի, որ քաղաքացին համաձայնություն է տալիս այս պայմաններին և մինչև չդնի համապատասխան նշանը, որ կարդացել է կամ տեղյակ է պայմաններին, ապա չի կարող անցնել հաջորդ էջին»,- ասաց նա:
Տիգրան Դադունցի խոսքով՝ այս փոփոխությունը առաջին հերթին վերաբերվում է հայաստանյան հարթակներին, որովհետև Հայաստանի օրենսդրությունը գործում է այն դեպքում, երբ պայմանագիրը կնքվում է Հայաստանի տարածքում և հայաստանյան սուբյեկտների միջև: