«Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը». Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի երեկ կայացրած վճռին.
«Ինչպես գիտեք՝ ՀՀ-ն անցած տարվա դեկտեմբերին հրատապ կերպով դիմել էր Արդարադատության միջազգային դատարան ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակներում ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջով, դատարանին խնդրելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը:
Ադրբեջանի կողմից սույն թվականի հունվարի 4-ին հայելային պահանջ էր ներկայացվել ընդդեմ Հայաստանի, որը վերաբերում էր Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումներին:
Դատարանը երեկ հրապարակեց իր որոշումները՝ բավարարելով Հայաստանի պահանջը և մերժելով Ադրբեջանի պահանջը:
Պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների 2 ուղղություններով անխափան տեղաշարժը:
Դատարանը շեշտեց, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար»:
Փաշինյանի խոսքով՝ սա չափազանց կարևոր որոշում է, որի զուտ իրավական մեկնաբանությանը մասնագետներն անդրադարձել են.
«Ես կուզեմ անդրադառնալ այդ որոշման քաղաքական ազդեցությանն ու նշանակությանը:
Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է: Սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ Լաչինի միջանցքի փակ լինելը ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ: Ինչքան էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում, դա ուրիշ հարց է, բայց սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը, և դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը:
Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար, ըստ էության լուրջ չհամարելով միջանցքն էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը և հե՛նց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:
Հաջորդ արձանագրումը՝ դատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը Լոեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ, և Լաչինի միջանցքը պետք է լինի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո:
Ըստ էության դատարանն արձանագրեց, որ սա Ադրբեջանի պարտավորությունն է, միջազգայի՛ն պարտավորությունը»:
Փաշինյանի խոսքով՝ մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Արդարադատության միջազգային դատարանը, համաձայն 2020 թվականի եռակողմ հայտարարության, հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը.
«Ըստ այդմ նաև տվյալ հայտարարությանն ու նրա դրույթներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և շփման գծի առկայության վերաբերյալ, տրվեց միջազգային իրավական նշանակություն:
Միևնույն ժամանակ դատարանն արձանագրեց, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով խաթարվել են՝ սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղին, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական, բժշկական ծառայություններին, այսպիսով հաստատելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը»:
Փաշինյանն անդրադարձավ նաև դեպի Արցախ գազամատակարարման՝ թշնամու կողմից իրականացվող պարբերական անջատումներին և հենց այդ համատեքստում Արդարադատության միջազգային դատարանի երեկվա հայտարարությանը.
«Դատարանը համարեց, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղում բնական գազի, էլեկտրական հոսանքի մատակարարումների դադարեցումների մեղավորը: Իհարկե, նման վիճակի պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում, նույնը կարելի է ասել նաև էլեկտրական հոսանքի անջատման կետի մասին, և այստեղ իսկապես ուղղակի անհերքելի ապացույցներ Հայաստանը չի կարողացել ներկայացնել, բայց սա նաև նշանակում է, որ այն պահին, երբ մենք կկարողանանք ձեռք բերել ուղղակի ապացույցներ, այդ հիմքով կկարողանանք նորից դիմել դատարանին, և հավանականությունը, որ դատարանը կբավարարարի նաև այս հայցապահանջը, մեծ կլինի:
Այս պահին, չնայած, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն իրականացվում է լիարժեք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում