«Էրդողանին այս անգամ չի հաջողվի դուրս գալ դժվար դրությունից». թուրք քաղաքագետ
Բրիտանական հեղինակավոր «The Guardian» ամսագիրն իր շաբաթական ամփոփիչ համարում հրապարակել է «Ինչու՞ երկրաշարժը կարող է տապալել Թուրքիայի կառավարությունը» վերնագրով հոդված, որտեղ գնահատականներ է տվել նաև թուրք քաղաքագետ Քարաբեքիր Աքքոյունլուն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հեղինակը ներկայացնում է մի քանի հիմնական կետեր․
Գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն ու կառավարությունը հայտնվել են դժվար կացության մեջ, քանի որ գալիք ընտրությունների համատեքստում երկրաշարժի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքները հավուր պատշաճի չկատարելն ու համապատասխան պայմաններով չկառուցված բնակարանների համար պատասխանատվությունից հրաժարվելը բողոքի ալիք են բարձրացրել ողջ երկրով մեկ։
Որքան էլ իշխանությունը փորձում է դատական համակարգի, մամուլի ու խոսքի և այլ ազատություններ սահմանափակող լծակները պահել իր ձեռքին, ընդդիմադիրները կարողանում են կոալիցիոն ուժ ստեղծել։ Իսկ Էրդողանի ժողովրդականությունը սկսել է անկում ապրել տնտեսական ճգնաժամերի հետևանքով։
Նախկինում Էրդողանը կարողացել էր մի շարք դժվարին իրադրություններից դուրս գալ, սակայն այս անգամ դա նրան չի հաջողվի։ Եվ, չնայած ավիրված շինությունների փոխարեն նախագահը խոստացել է նորերը կառուցել, երկրաշարժից հետո ի հայտ եկած դրությունն ստիպել է մեծ թվով մարդկանց հրաժարվել իշխանություններին աջակցելուց։
Նախագահ Էրդողանի՝ ևս 5 տարի ժամկետով վերընտրվելը նշանակում է նեպոտիզմի և ավտորիտարիզմի խորացում։ Աքքոյունլուն, ընտրությունները որակելով որպես «վերջին ելք կամուրջից առաջ», նշել է, որ Թուրքիան «լավ օրինակ է ծառայում» նեոլիբերալիզմի հետ համակցված ավտորիտարիզացման բացած արդյունքների համար։