«Ապօրինի գործողություններ էին». Դատարանում ոստիկանությունը պարտվեց Եռաբլուրից բերման ենթարկված որդեկորույս հորը

«Դատարանը ոստիկանության հայցը մերժել է, ինչ պետք էր, ապացուցել ենք»,- 168am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Ուզունյանի հայրը՝ Բագրատ Ուզունյանը:

Զոհված զինծառայողի հոր դեմ Ոստիկանությունն էր հայց ներկայացրել դատարան, պահանջելով նրան վարչական պատասխանատվության ենթարկել:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։

Միջադեպից հետո, երբ ծնողներն ակցիաներ իրականացրեցին և պահանջեցին պատասխանատվության ենթարկել իրենց նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին, Ոստիկանությունը միանգամից ծնողների դեմ հայց ներկայացրեց:

Կարդացեք նաև

Բագրատ Ուզունյանի գործով դատական նիստը հունվարի 30-ին էր: Այսօր արդեն Դատարանը վճիռը հրապարակել է, և նա արդարացվել է: Հերոսի հայրը մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանի այս որոշումը մեկ անգամ ևս փաստեց, որ ոստիկանների գործողություններն ապօրինի են եղել.

«Իշխանությունների կողմից՝ զոհված ծինծառայողների ծնողների դեմ նման գործեր հարուցելն ապօրինի գործողություններ էին, սելը ճռռալու տեղը, սելվորն է ճռում, մեր բողոքելու փոխարեն, իրենք են բողոքում: Մենք շարունակելու ենք մեր պայքարը, չե՛նք կարող չշարունակել: Քանի այս վիժվածքն է ղեկավար, պետք է այնպես անենք, որ մեր երեխեքի կյանքի գնով պահած երկիրը չկորի: Իմ ցանկությունն այն է, որ ես հասնեմ իմ ուզածին՝ այս երկիրը տեսնեմ ծաղկած, լավ ղեկավարով: Իմ երեխու կյանքը…»:

Տեսանյութեր

Լրահոս