«Շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները դեռևս կարողանում ենք լուծել». Ստեփանակերտի քաղաքապետ
72-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է պահում Ադրբեջանը։ Դեկտեմբերի 12-ից 120 հազար արցախահայերի համար առաջացել են բազմաթիվ խնդիրներ, խախտվել է նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, Ադրբեջանը պարբերաբար անջատում է Արցախին մատակարարվող գազն ու էլեկտրականությունը։
Ի դեպ, արդեն եղել է հրապարակում, որ Ադրբեջանն Արցախին մատակարարվող գազի խողովակի վրա դրել է փական և օգտվելով իրավիճակից՝ գողանում է Արցախին մատակարարվող գազը։
Շրջափակման պատճառով արցախահայերը սննդամթերք են գնում սահմանափակ քանակով, որը հատկացվում է կտրոններով: Ստեփանակերտում բնակարանները տաքացնում են վառարաններով։
168.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը անդրադառնալով շրջափակման պայմաններում Ստեփանակերտում տիրող իրավիճակին, ասաց, որ առաջացած խնդիրները կարողանում են լուծել։
«Այս պահին բոլոր դպրոցներն ապահովված են վառարաններով ու փայտով։ Ինչ վերաբերում է Ստեփանակերտի բնակչությանը, ապա մեծամասամբ ապահովված են փայտով։ Քաղաքապետարանը ոչ բոլորին է փայտ ու վառարան տրամադրում, այլ տրամադրում է այն կատեգորիաներին, որոնք չունեն, այսինքն՝ այն բնակիչներին, որոնք չունեն»,- նշեց Դավիթ Սարգսյանը։
Ըստ քաղաքապետի, գուցե քաղաքում լինեն այնպիսի խնդիրներ, որոնք կային նաև, օրինակ, 10 տարի առաջ, իհարկե, դրանք չեն կարողանում լուծել, սակայն ընթացիկ խնդիրները՝ լուծում են։
«Կրկնում եմ՝ շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները դեռևս կարողանում ենք լուծել»,- ընդգծեց Դավիթ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։
Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել մի քանի տասնյակ հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։