Այն, ինչ տեղի է ունենում Գրիգորի Խաչատուրովի հետ, Ալիևի և Էրդողանի ուղիղ հրահանգն է. Շարմազանով
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունը: Նա ձերբակալված է և մեղադրվում է փողերի լվացման համար:
Դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Խաչատուրովների սպայական ընտանիքը, պլեադան ոսկե տառերով է գրել իր անունը հայոց ազատամարտի պատմության մեջ, ուստի, ըստ նրա, այն, ինչ այսօր կատարվում է «կապիտուլյանտ Նիկոլի ռեժիմի կողմից, դա ուղիղ Ալիևի և Էրդողանի հրահանգն է»:
Հիշեցնենք, որ դեռ 2 տարի առաջ 168.am-ն անդրադարձել էր Գրիգորի Խաչատուրովի դեմ ՀՀ իշխանությունների և թուրք-ադրբեջանական տանդեմի արշավին:
«ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը, որը ղեկավարում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, ըստ էության, ապրում է իր կյանքով, և կարելի է ասել՝ այնքան էլ չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին»,- դեռ 2021 ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն էր այսպես անդրադարձել Յուրի Խաչատուրովին իր ռեպորտաժում:
Հավելենք, որ ՀՀ իշխանություններն էլ ժամանակ առ ժամանակ տարբեր մեթոդներով և անձանց միջոցով արշավ էին իրականացնում գեներալի դեմ, երբ նա դեռ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր: Մասնավորապես, 2021-ի մարտի 29-ի առավոտյան Բերդի զորամասում միջադեպ էր տեղի ունեցել, ինչի մեջ, ըստ 168.am-ին հասած հավաստի տեղեկությունների, ռուսաստանաբնակ բլոգեր Ռոման Բաղդասարյանի «մատն էր խառը»:
Նա փորձել էր իր ծանոթ զինվորի միջոցով Բերդի զորամասում «բունտ» կազմակերպել, հաջողվել է 30 հոգու կարճ ժամանակով զորամասից դուրս հանել:
Նպատակն էր՝ անկայունություն մտցնել 3-րդ բանակային կորպուսում:
Ի դեպ, ռուսաստանաբնակ բլոգեր Բաղդասարյանը միջադեպի մասին անմիջապես գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ Գրիգորի Խաչատուրովի հասցեին մեղադրանքներով «համեմված», թե պետք է հեռացնել բանակից գեներալին:
Մեկ այլ գրառման մեջ բլոգերը, ըստ էության, ընդունել էր իր միջամտությունը տեղի ունեցածին՝ «երբ մի ամբողջ բատալյոն լսում է ժուռնալիստի խորհուրդը, ոչ թե Յուրի Խաչատուրովի որդուն»:
Որոշ ժամանակ հետո Բաղդասարյանը հեռացրել էր իր գրառումները:
Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեկն է այն գեներալներից, որ 2021 թվականի փետրվարին ստորագրել էր ՀՀ ԶՈՒ հայտարարության տակ: Իսկ, երբ պարզ դարձավ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն «իրավունքի ուժով» ազատված է ԳՇ պետի պաշտոնից, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը հայտարարություն էր տարածել և հաստատել իր պահանջը:
«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը:
Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը և կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան:
Ուստի կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը»,- նշված էր Խաչատուրովի հայտարարության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում