«Վիդեոների մեջ պարզ երևում է՝ միանգամից հարձակվել են մեզ վրա՝ առանց զգուշացնելու». զոհվածի ծնող
«Վիդեոների մեջ պարզ երևում է, ոստիկանները միանգամից հարձակվել են մեզ վրա՝ առանց ինչ-որ բան նախազգուշացնելու: Տեսնենք՝ ընթացքն ի՞նչ ցույց կտա»,- զոհված զինծառայողների ծնողներին վարչական տույժի ենթարկելու՝ ոստիկանության բողոքի հիմքով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:
Իսկ բուն բողոքի դատաքննության ընթացքում դատավորը նշեց, որ ՀՀ ոստիկանությունն այս դեպքում հայց է ներկայացրել Ազգուշ Մարտիրոսյանի դեմ, խնդրել ենթարկել վարչական պատասխանատվության՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար:
Զոհված զինծառայողի ծնողի ներկայացուցիչը ներկայացնելով առարկությունները՝ ասաց, որ կարծում են՝ մեղադրանքն անհիմն է: Նշեց՝ կապացուցեն, որ Ոստիկանության կենտրոնական բաժինն այնտեղ ծառայություն չի իրականացրել, ծառայություն են իրականացրել Ոստիկանության զորքերը, որոնք իրականացրել են վարչական ձերբակալում:
«Պատասխանող Ազգուշ Մարտիրոսյանը սեպտեմբերի 21-ին գտնվել է Եռաբլուրում, որդին հուղարկավորված է այնտեղ: Տարածքը հասանելի է, մուտքն արգելված չէ, պատասխանող կողմը սեպտեմբերի 20-ի գիշերն է գտնվել այնտեղ: Առավոտյան եկել են ոստիկանության զորքերը և պատասխանողին քարշ տալով՝ տարել են Ոստիկանության կենտրոնի բաժին: Չի եղել օրինական պահանջ»,- ասաց տուժողի ներկայացուցիչը՝ ներկայացնելով տեսաձայնագրություն՝ կրիչի վրա, որտեղ արձանագրված էր այն պահը, երբ ոստիկանությունը ձերբակալում է Ազգուշ Մինասյանին:
Դատարանը որոշեց լազերային սկավառակով տեսանյութը կցել գործի նյութերին:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների, և պահանջում է, որ դատարանը զոհված զինծառայողների ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկի, քանի որ ծնողները սեպտեմբերի 21-ին թույլ չէին տալիս ՀՀ վարչապետին և կառավարության անդամներին գնալ և ծաղիկ խոնարհել իրենց որդիների շիրիմներին: Ոստիկանները բռնություն կիրառելով բերման ենթարկեցին ծնողներին: