«Այն տարածքները, որոնք անցել են թշնամու տիրապետության տակ, քրեական գործ հարուցվե՞լ է, Ալիևը մեղադրյա՞լ է». Արծվիկ Մինասյան
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Ըստ նախագծի՝ ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Նախագիծը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը, որից հետո հանձնաժողովի անդամները հարց ուղղեցին փոխնախարարին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը թեմայի շրջանակներում փոխնախարարին ասաց, որ գործող հոդվածներում, ըստ փոփոխության, առաջարկում են միայն լրացնել ինքնիշխանություն բառը, մինչդեռ զուտ իրավական որոշակիությունից ելնելով շատ ավելի լավ կլիներ, առաջարկեին առանձին հոդված։
«Տեսեք, Անկախության հռչակագիր, որտեղ ոչ միայն համազգային նպատակն է ամրագրում, օրինակ, ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման տեսակետից,, այլև ամրագրում է Հայաստանի ինքնիշխանության օբյեկտը, որտեղ ասում է՝ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։ ՀՀ տարածքում գործում են ՀՀ օրենքները և Սահմանադրությունը։ Առնվազն այս ձևակերպումների ներքո մի քանի հարց է առաջանում՝ այն տարածքները, որոնք հիմա անցել են թշնամու տիրապետության ներքո, այդ դեպքերը համարվո՞ւմ են ինքնիշխանության դեմ ուղղված գործողություններ, և այդ ուղղությամբ հարուցվո՞ւմ են քրեական գործեր։
Ի դեպ, ունե՞ք տեղեկություններ, այդ ուղղությամբ կա՞ն հարուցված քրեական գործեր, օրինակ, Ալիևը և մի շարք այլ անձինք ներգրավվա՞ծ են որպես մեղադրյալներ»,- հետաքրքրվեց Արծվիկ Մինասյանը։
Պատասխանելով հարցին, Արդարադատության փոխնախարարը նշեց, որ քրեական գործերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունի, հետևաբար՝ ոչինչ հայտնել չի կարող։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում