Պատգամավոր Լենա Նազարյանի «թավշյա» խրոնիկան
Լենա Նազարյանը 2017 թվականից զբաղեցնում է ԱԺ պատգամավորի աթոռը. սկզբում՝ որպես «Ելք», ապա՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի անդամ, իսկ 2021թ. հունիսի 20-ից ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական կուսակցությունը:
Գործող իշխանությունները, որի կարկառուն ներկայացուցիչն է Լենա Նազարյանը, պարբերաբար խոսում էին արդարության, հավասարության մասին, սակայն ընդամենը մի քանի ամիս անց պարզ դարձավ, որ խոստումները խաբեություն էին. քաղաքացիները մնացին դատարկ գրպանով, իսկ փողոցով իշխանության եկածները կարճ ժամանակում հասցրեցին հարստանալ, ստանալ պարգևավճարներ ու հավելավճարներ, հիպոթեքներով և առանց հիպոթեքների ձեռք բերեցին բնակարաններ ու առանձնատներ:
Ի դեպ, Լենա Նազարյանն իր հստակ տեսակետն ունի «պարգևավճարների» անհրաժեշտության մասին: «Թավշյա» իրադարձություններից ընդամենը երկու տարի անց նա այս մասին ցնցող հայտարարություն արեց։
«Ախր հեղափոխությամբ եկած մարդիկ չէին եկել լավ ապրելու, եկել էին մարդկանց վիճակը լավացնելու ու մտածելու նոր տիպի կառավարման ու իր ժողովրդի հետ ավելի հավասար լինելու մասին,- Ֆեյսբուքում գրել էր իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ եթե երկու տարվա ընթացքում որևէ պաշտոնյա պարգևավճար չստանար, որքան գումար կլիներ կարիքավորների, աշխատանքը կորցրածների, սոցիալական անելանելի վիճակում հայտնվածների համար:
Գրառման մեկնաբանություններում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսպես էր արձագանքել. «Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում՝ հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»։
Սա էլ դեռ ամենը չէ. նախկինում իշխանություններին՝ բռնությամբ իշխանության գալու մեջ մեղադրող պատգամավորուհին խորհրդավոր լռություն էր պահպանում «թավշյա» բռնության տեսարանների ժամանակ՝ երբ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում կարմիր բերետավորները քարշ էին տալիս զոհված զինծառայողների հարազատներին, երբ խաղաղ ակցիայի մասնակիցները Կառավարության երրորդ մասնաշենքի առջև ընդամենը պահանջում էին գործող իշխանությունների հրաժարականը:
Բնապահպանական ակտիվիստ Լենա Նազարյանը պատերազմից հետո գերակտիվ է նաև խաղաղասիրական քարոզախոսության մեջ:
Նա նույնիսկ «հետադիմական և վնասակար» է համարել Արցախի կորցրած տարածքները պատերազմի միջոցով հետ բերելու մտածողությունը։
Նկատենք նաև՝ պատգամավորուհին աչքի է ընկնում յուրահատուկ լեզվամտածողությամբ. օրինակ, նա Փաշինյանի՝ «շինելու եմ» հայհոյանքն ընկալել էր իբրև 2500 կմ ճանապարհ կառուցելու հանձնառություն։
Պատգամավոր Լենա Նազարյանի հայտարարագրերի մասին
Մինչ «թավշյա» հեղափոխությունը՝ ընդդիմադիր պատգամավոր Լենա Նազարյանը ձեռք էր բերել 27 մլն 200 հազար դրամ արժողությամբ անշարժ գույք Կոտայքի մարզի Առինջ համայնքում: 2018 թվականին արդեն նա հայտարարագրել է 1 միլիոն դրամ դրամական միջոցներ և եկամուտներ՝ աշխատանքի վարձատրության տեսքով՝ 6 միլիոն 537 հազար դրամի չափով:
2019 թվականի հայտարարագրերում երևում է համատեղ սեփականություն բազմաբնակարան շենքում՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքում, որը ձեռք է բերել 2017 թվականին, ինչպես նաև՝ նորակառույց շինություն՝ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում համատեղ սեփականություն, ըստ նշման՝ 2009 թ. ժառանգություն:
Բանկային հաշիվների մնացորդները տարեսզկբին կազմել են 1 միլիոն դրամ, տարեվերջին արդեն՝ 3 միլիոն դրամ:
Լենա Նազարյանը 2019 թվականին ստացել է նաև 12 միլիոն 437 հազար դրամի չափով աշխատավարձ:
2020 թվականի տարեսկզբին պատգամավորի բանկային հաշվի վրա առկա 1 միլիոն դրամը տարեվերջում կազմել է 2 միլիոն դրամ, նրա աշխատավարձը 2020 թվականին կազմել է շուրջ 10 միլիոն դրամ:
2021 թվականին Լենա Նազարյանի՝ ԱԺ-ից ստացած աշխատավարձը կազմել է շուրջ 9.5 միլիոն դրամ:
Ի դեպ, եղավ հրապարակում, որ նա թավշյա հեղափոխությունից հետո անշարժ գույք է ձեռք բերել նաև Կենտրոն համայնքում՝ Ալավերդյան փողոցում:
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանն էր նման տեղեկություն հայտնել, որը, ի դեպ, ցայսօր չի հերքվել:
Մարդ ու կին՝ պատգամավոր
Թավշյա առաջընթացը չի շրջանցել նաև Լենա Նազարյանի ամուսնուն՝ Նարեկ Բաբայանին, որը, եթե մինչև 2018 թվականի հայտնի իրադարձությունները նախարարարություններից մեկում զբաղեցնում էր ընդամենը մասնագետ-փորձագետի հաստիքը, ապա դրանից հետո՝ ճկուն ռևոլտադով հասավ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնին, իսկ 2021 թվականից՝ կնոջ հետ միասին, իշխանական պատգամավորի մանդատ ստացավ:
Մանրամասները՝ տեսանյութում