«Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի երեխեքը սև իկրա են ուտում, մեր երեխեքը՝ սևացած հաց». ՊՆ նախկին շենքի բնակիչ
«Երբ ընտրություն է լինում, իշխանությունները մեզ բոլոր տեղերից կարողանում են գտնել, որ իրենց ընտրենք՝ Ալեն Սիմոնյան, Փաշինյան, իսկ հիմա, երբ իշխանությունը մեզ է պետք, ինչո՞ւ չենք կարողանում իրենց գտնել, ինչո՞ւ չեն ներկայանում»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչներից մի կին:
Նրանք, 24 ժամից ավելի է, հայտնվել են փողոցում, գիշերել են դրսում՝ խարույկի մոտ, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ:
«Իրենց երեխեքը կարողանում են ամեն ինչ ուտել, իսկ մեր երեխեքը էս հակահիգիենիկ պայմաններում են: Իրենք կարողանում են սև իկրա ուտել, իսկ մեր երեխեքը հացը սևացած են ուտում, կարո՞ղ ենք դա համեմատել իրենց հետ, իհարկե ոչ:
Կխնդրենք, որ իշխանությունները գան, ո՞նց էին ընտրության ժամանակ մեզ գտնում, հիմա մեզ գտնել պետք չի, բոլորն են մեզ տեսնում, թող մոտենան ու մեր հարցերին պատասխանեն»,- ասաց քաղաքացին:
Նրա խոսքով՝ ամուսինը փետրվարի 22-ին նույն շենքում բնակվող մարտական ընկերների հետ պետք է դիրքեր բարձրանար.
«Պետք է բարձրանային, որ պաշտպանեին մեր հայրենիքը, բայց սե՞նց, իրենք բարձրանան, որ իրենց կանանց թողնեն փողոցում, ինչի՞ համար»:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել նախարարությանը: Այնտեղ երկար տարիներ տեղավորվել և ընտանիքներով ապրում էին պատերազմի մասնակիցներ, զոհված զինծառայողների հարազատներ, որոնք տուն չունեն:
Երեկ վաղ առավոտյան մի քանի ավտոբուսով ոստիկանները գնացել էին ՊՆ նախկին շենք և ՊԵԿ-ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այնտեղ ապրող մարդկանց դուրս հանել։
Հիշեցնենք նաև, որ 1 տարի առաջ էր Կառավարությունը որոշել Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող շենքն ամրացնել Պետեկամուտների կոմիտեին (ՊԵԿ), որպեսզի արդեն 2027թ.-ին այստեղ տեղակայվեն կոմիտեի բոլոր ստորաբաժանումները: Գործադիրը հիմնավորել էր, որ պետությանը պատկանող և անտարբերության մատնված կառույցը քայքայվում է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում