Բաժիններ՝

9 ամսում նոր կամուրջ կարելի է սարքել, դուք մասամբ վերանորոգում եք․ քաղաքացիները՝ Հաղթանակի կամուրջը փակելու մասին

Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ «Հաղթանակի կամրջի» բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու:

Ըստ այդմ՝ 20.02.2023թ.-05.07.2023թ. կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ 05.07.2023թ.-20.11.2023թ.՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը: Հետիոտնի անվտանգ տեղաշարժը ապահովելու համար առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետյա անցումից, ինչպես նաև Իսակովի պողոտայի և Արգիշտի փողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից, ինչպես նաև Գր. Լուսավորիչ փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից:

Հայտարարությունը, սակայն, քաղաքացիների դժգոհությունն է առաջացրել։

«Թշնամին մեկ տարում օդանավակայան է սարքում, թունելներ, մենք 9 ամսում մի կամուրջ ենք նորոգո՞ւմ։ Ողջունելի է վերանորոգելը, բայց ժամանակի առումով անհասկանալի է»,- նշել է քաղաքացիներից մեկը։

Կարդացեք նաև

«9 ամսում նոր կամուրջ կարելի է սարքել, դուք մասամբ վերանորոգում եք։ Ինչպե՞ս կարելի է նման կարևոր հատվածում 9 ամիս արհեստական խցանում ստեղծել։ Գոնե ամռանն անեն այդ աշխատանքը, երբ մեծ մասն արձակուրդում կլինի։ Բարեկամության կամուրջը մեկ շաբաթով փակեցին, չտեսա՞ն, թե ինչ է կատարվում, բա սրա դեպքո՞ւմ ինչ է լինելու»,- ասաց վարորդներից մեկը։

Ամեն օր երթուղայինից օգտվող քաղաքացիներից մեկն էլ ցավով նշեց, որ այս շինաշխատանքների պատճառով հիմա  ոչ թե 45, այլ 1 ժամ 45 րոպեից են հասնելու աշխատանքի կամ այլ վայր։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունն էլ խնդրի առնչությամբ գրել է, որ առաջնորդվում է ՀՀ գործող նորմերով և օրենքներով:

-Փորձաքննություն անցած նախագծում, եթե աշխատանքների ժամկետը տրված է 9 ամիս, մենք չենք կարող հանուն մի խումբ քաղաքացիների պահանջի այն փոխել: Փորձաքննություն անցած նախագիծը ըստ ՀՀ օրենսդրության վիճարկվում է դատարանում:

-Երբևէ չվերանորոգված, փլուզման վտանգի տակ գտնվող կամրջի աստիճանները պետք է վերակառուցվեն, որքան էլ որոշ խումբ մարդկանց անհարմարություն պատճառի:

-Հուշարձան կամուրջի նախագիծը անցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն գիտամեթոդական խորհրդի նիստով:

-Եթե շինարարը հատկացված ժամանակից շուտ ավարտի կամրջի մայթերի վերանորոգումը , վստահաբար քաղաքային իշխանությունները բացելու են մայթի շահագործումը:

-Երթևեկության փոփոխության նպատակը գլխավորապես քաղաքացիների անվտանգությունն ապահովելու միտում ունի:

-Ամբողջ շինհրապարակը զինված է լինելու տեսաձայնագրող սարքերով համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, դ. կետի:

Տեսանյութեր

Լրահոս