«Ոստիկանները մեկիս տնից բալգարկա են գողացել, մյուսի տնից՝ ոսկեղեն, հեռախոս». ՊՆ նախկին շենքի բնակիչներ
«Ոստիկանները մտել են, մեր տներից ապրանք են գողացել, ամեն մեկիս տնից մի բան գողացել են»,- 168.am-ի հետ զրույցում այսօր առավոտյան ասացին Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչները:
Քաղաքացիները, որոնց երեկ վաղ առավոտյան ոստիկանները դուրս էին հանել ՊՆ-ի նախկին շենքից, մանկահասակ երեխաների հետ հայտնվել են փողոցում: Նրանք երեկ երեկոյան շենքի մոտ խարույկ էին վառել և դրսում գիշերել:
Բնակիչները երեկ կեսգիշերին մեզ հետ զրույցում ասել էին, որ ոստիկանները թույլ չեն տալիս մտնել իրենց տներ և երեխաների համար տաք հագուստ վերցնել, ուստի հարցրեցինք, եթե թույլ չեն տվել ներս մտնել, ապա ինչպե՞ս են իմացել, որ գողություն է կատարվել.
«Շատ ուշ ժամի արդեն թույլ տվեցին, որ ներս մտնենք, հագուստ վերցնենք: Մտանք տուն, տեսանք՝ մեկի տնից բալգարկա են տարել, մյուսի տնից՝ հեռախոս, անգամ դանակ են տարել: Մեկի տնից էլ ոսկեղենն էին վերցրել, մեր աղջիկները, որ լրագրողներին ասացին, ոստիկանները մի քանի րոպե հետո վերադարձրեցին, ներողություն խնդրեցին: Բոլորիս տնից էլ մի բան տարել են, փաստերով կարող են ներկայացնել: Ոստիկանների ղեկավարին ասացինք՝ գողություն են արել, պատասխանեց՝ անձամբ կգտնեմ այդ ոստիկանին ու կպատժեմ, եթե չգտնեմ էլ՝ Աստված կպատժի»:
Բնակիչների խոսքով՝ որևէ իշխանության ներկայացուցիչ այս ընթացքում չի գնացել իրենց հետ հանդիպման.
«Ժամանակին խնդրում էին, որ իրենց ձայն տայինք, իսկ այսօր, երբ ամեն մեկը լավ հարմարվել է իր նոր կյանքին, մենք էլ իրենց պետք չենք: Ոչ մի պաշտոնյա չի եկել մեզնով հետաքրքրվել, մենակ ոստիկաններին են մեր դեմ ուղարկում: Եթե այսպես շարունակվի, ապա վրաններ կխփենք Կառավարության շենքի մոտ, մենք ամեն ինչի պատրաստ ենք, քանի որ դրսում ենք հայտնվել…»:
Բնակիչները նաև ասացին, որ երեկ և այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից են իրենց այցելել.
«Երեկ ուրիշ բան էին ասում, այսօր ուրիշ բան են ասում, ասում են՝ Սոցապը տուն է առաջարկում: Երեկ 2 հոգու տուն էին առաջարկել. Մեկին՝ Չարբախում, մյուսին՝ Էրեբունիում, բայց մարդիկ գնացել, այդ հասցեում տուն չէին գտել, նորից բանալիները բերել հետ էին տվել»:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել նախարարությանը: Այնտեղ երկար տարիներ տեղավորվել և ընտանիքներով ապրում էին պատերազմի մասնակիցներ, զոհված զինծառայողների հարազատներ, որոնք տուն չունեն:
Երեկ վաղ առավոտյան մի քանի ավտոբուսով ոստիկանները գնացել էին ՊՆ նախկին շենք, և ՊԵԿ-ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այնտեղ ապրող մարդկանց դուրս հանել։
Հիշեցնենք նաև, որ 1 տարի առաջ էր Կառավարությունը որոշել Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող շենքն ամրացնել Պետեկամուտների կոմիտեին (ՊԵԿ), որպեսզի արդեն 2027թ.-ին այստեղ տեղակայվեն կոմիտեի բոլոր ստորաբաժանումները: Գործադիրը հիմնավորել էր, որ պետությանը պատկանող և անտարբերության մատնված կառույցը քայքայվում է: