Հայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող միջազգային կոնգրեսին, մյուսներին ևս նույն կոչով դիմել
Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին՝ շեշտելով Հայաստանի դեմ այդ երկրի ռազմական ագրեսիայի մասին: Տիեզերագնացն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ինչո՞ւ է Տիեզերագնացության միջազգային կոնգրեսն (IAC) անցկացվում Ադրբեջանում՝ մի երկրում, որը մեղավոր է իր հարևան Հայաստանի դեմ վերջին ռազմական ագրեսիայի համար: Ադրբեջանը ամենակոռումպացված երկրներից է, այն Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկն ունի: Ես չեմ գնալու, իսկ եթե պատրաստվում ես գնալ, խնդրում եմ, վերանայիր»,-գրել է Ռեյզմանը:
Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերին, այն դատապարտվել է Եվրոպական խորհրդարանի կողմից:
Տիեզերագնացը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նաև կիսվել է մի շարք միջազգային կառույցների զեկույցներով, գնահատականներով, օրինակ՝ «Թրանսփարենի Ինթերնեյշլնի»-ի կոռուպցիայի ընկալման 2021-ի ինդեսքում Ադրբեջանը վատ դիրքերում է, Ադրբեջանը 180 երկրների մեջ 128-րդն է: