ԺՄՖ-ն կփորձի կասեցնել ՌԴ ժուռնալիստների միության անդամությունը
Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի գործկոմը կարող է որոշում կայացնել փետրվարին Ռուսաստանի Ժուռնալիստների միության անդամությունը սառեցնելու վերաբերյալ։
Այդ մասին Եկատերինբուրգում, Ուրալի դաշնային համալսարանում դասախոսության ընթացքում տեղեկացրել է Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովը։
«Նրանք (ֆեդերացիան) չեն կարող դադարեցնել մեր անդամությունը։ Դա կարող է անել միայն Կոնգրեսը, իսկ Կոնգրեսը տեղի է ունենալու 2026 թ․ — դեռ պետք է հասնել մինչև այդտեղ։ Այնուամենայնիվ, ամսի 22-ին (փետրվարի) գործկոմի նիստ է կայանալու, որի ընթացքում նրանք կարող են սառեցնել մեր անդամությունը»,- ասել է Սոլովյովը։
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով կազմակերպությանը, հաղորդել է, որ Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան նախաձեռնել է Ռուսաստանի ժուռնալիստների միությունն իր կազմից հանելու գործընթաց։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի ժուռնալիստների միությունը չորս բաժանմունք է ստեղծել ՌԴ-ի, այսպես կոչված՝ «նոր շրջաններում»։ Փոխանցում է tass.ru-ն։