«Գյուղում բնակիչների շրջանում տուժածներ չկան». Նորաբակի վարչական ղեկավար

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

168.am հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանն ասաց, որ, բարեբախտաբար, կրակոցների հետևանքով բնակիչների շրջանում տուժածներ չկան։

Կարդացեք նաև

«Գյուղում նյութական վնասներ ու բնակիչների շրջանում տուժածներ չկան։ Կոնկրետ չեմ կարող ասել, թե կրակոցները որքան են տևել, դրա վերաբերյալ տեղեկություն կարող է տալ Պաշտպանության նախարարությունը»,- նշեց Նորաբակի գյուղապետը։

Նրա խոսքով՝ կրակոցները գյուղի բնակիչների շրջանում վախեր չեն առաջացրել։

«Վախ չկա, արդեն սովորել են։ Գյուղում այս պահին վիճակը նորմալ է»,- եզրափակեց Վազգեն Ասատրյանը։

Նշենք, որ դեռևս նախորդ տարվանից գյուղապետը բարձրաձայնում է, որ թշնամին իր զբաղեցրած դիրքերում իրականացնում է ամրաշինական աշխատանքներ, ինչը հենց այնպես չի անում։

Նախորդ տարի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա մի քանի ուղղություներով հարձակվելու արդյունքում Նորաբակը ևս հայտնվել էր թշնամու կրակոցների տակ՝ կրելով բազմաթիվ նյութական վնասներ։

Տեսանյութեր

Լրահոս