Նորվեգիան 12 տանկ կմատակարարի Ուկրաինային
Նորվեգիայի իշխանությունները որոշում են ընդունել տարբեր տեսակի 12 տանկ հատկացնել Ուկրաինային, հայտնել է Նորվեգիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բյոռն Արիլդ Գրամը։ Այդ մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
«Նորվեգիան Ուկրաինային կնվիրաբերի ութ տանկ և հատուկ նշանակության մինչև չորս տանկ: Իշխանությունները նաև ֆոնդեր կհատկացնեն զինամթերք և պահեստամասեր ձեռք բերելու համար, հայտնել է պաշտպանության նախարար Բյոռն Արիլդ Գրամը», – ասվում է Նորվեգիայի կառավարության հայտարարության մեջ:
Նա չի հստակեցրել, թե Օսլոն հատկապես ինչ տանկեր է տալու Կիևին։ Սակայն, փաստաթղթի համաձայն, Նորվեգիան շուրջ 24,7 մլն դոլար կուղարկի Խաղաղության եվրոպական հիմնադրամին՝ զինամթերք և Leopard-2 տանկերի համար պահեստամասեր գնելու համար։ Փետրվարի սկզբին Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն առաջարկել էր 5 տարվա ընթացքում տարեկան 15-ական միլիարդ նորվեգական կրոն (մոտավորապես 1,5 միլիարդ դոլար) հատկացնել Ուկրաինային հումանիտար և ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին Leopard-2 14 տանկերից և Leopard-1 178 տանկերից բաղկացած առաջին խմբաքանակը Ուկրաինային փոխանցելու որոշման մասին:
Միևնույն ժամանակ Գերմանիայի իշխանությունները դաշնակիցներին թույլատրում են, որպեսզի նրանք նույնպես Leopard-2 տանկեր մատակարարեն Ուկրաինային։ Leopard 2-ը Բունդեսվերի հիմնական մարտական տանկն է։ Այն նաև առկա է Ավստրիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Թուրքիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Դանիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի և Նիդերլանդների սպառազինության մեջ: Այն շահագործում են 1979 թվականից: Leopard 2-ն ունի բազմաթիվ վերափոխված տարբերակներ: Ընդհանուր առմամբ, արտադրվել է այս տանկի ավելի քան 3,6 հազար միավոր։