
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը դեմ է երկրաշարժի պատճառով ընտրությունները հետաձգելուն

Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից 1 շաբաթ անց քաղաքական դաշտում սկսել են խոսակցությունները մայիսին տեղի ունենալիք համապետական ընտրությունները հետաձգելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քննարկումների առիթը դարձել է նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամ, խորհրդարանի նախկին խոսնակ Բյուլենթ Արընչի արած առաջարկը ընտրությունները հետաձգելու մասին: Վերջինիս ընտրությունները «միայն մեկ անգամ հետաձգելու» առաջարկը հիմնավորել է իշխանությունների՝ երկրաշարժի հետևանքների վերացման վրա կենտրոնանալու անհրաժեշտությամբ:
Այդ առաջարկին կտրուկ դեմ է արտահայտվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըկըչդարօղլուն: Վերջինս հակասահմանադրական է անվանել մայիսին նախանշված ընտրությունների հնարավոր հետաձգումը, քանի որ այդ երկրի մայր օրենքը հետաձգում նախատեսում է միայն պատերազմի դեպքում:
«Սահմանադրությունը շատ հստակ է, միայն պատերազմի դեպքում կարող են ընտրությունները հետաձգվել: Ուստի քանի որ պատերազմ չկա, ընտրությունները չեն կարող հետաձգվել: Ոչ ոք չի կարող, Սահմանադրությունից ու օրենքներից դուրս հիմնավորումներ անելով, իր համար եզակի իրավական նորմ ստեղծել: Կա սահմանադրություն, եթե ասում ենք, որ Թուրքիան իրավական պետություն է, ապա նման բան չի կարելի անել»,- պարզաբանել է Քըլըչդարօղլուն:
Նշենք, որ մայիսին Թուրքիայում նախանշված են խորհրդարանական ու նախագահական ընտրություններ: