Արցախում փետրվարի 21-ից նախատեսվում է ընդլայնել կտրոնով տրամադրվող առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկը

Փետրվարի 21-ից նախատեսվում է ընդլայնել կտրոնով տրամադրվող առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկը: Այս մասին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ նշել է Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը՝ հավելելով, որ ներկայումս այդ ուղղությամբ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներ են իրականացվում:

Այս համատեքստում պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է ամփոփել մեկ ամսվա ընթացքում կտրոնային համակարգի ներդրման հետ կապված իրավիճակը՝ համապատասխան վերլուծություններ կատարելու և, անհրաժեշտության դեպքում, գործընթացում շտկումներ անելու համար:

Տեղեկություններ են ներկայացվել նաև շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված աջակցության միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ սոցիալական աջակցության ծրագրերը շուտով կմեկնարկեն, ինչ վերաբերում է տնտեսական աջակցության ծրագրին, ապա դիմումների ընդունման գործընթացն արդեն սկսվել է: Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում նաև շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված հաջորդ փուլի միջոցառումների մշակման ուղղությամբ:

Անդրադարձել է եղել նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման հարցերին: Գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը տեղեկություններ է ներկայացրել սերմացուի և դիզվառելիքի ապահովման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս