«Այդ փորձը կարելի է համարել չհաջողված»․ Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

«Սա ԵՄ-ականներին տարածաշրջան ներքաշելն արդարացնելու ոչ այնքան հաջող փորձ է»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով օրերս ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած աղմկոտ հայտարարություններին։

Հիշեցնենք, որ Փաշինյանը մասնավորապես նշել էր․ «Մինչև ԵՄ առաքելությունը, օրինակ, Ադրբեջանը արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողությունները՝ ընդդեմ Հայաստանի, բացատրում էր նրանով, որ կոնկրետ Հայաստանի Հանրապետության վարչապետն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում և տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին, և պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, և Ադրբեջանն իր ագրեսիվ հարձակումներով պարզապես փորձում է շատ թե քիչ հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիությունները կառավարելու համար»:

Ըստ Փաշինյանի՝ Արևմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել՝ որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացնել՝ որպես արևմտյան դավադրության մասնակից, քանի որ Ռուսաստանի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ։

«Արևմտյան մեր գործընկերներն արդեն սկսել էին ՀՀ-ին խեթ նայել, թե՝ դուք, փաստորեն, հիմա, իրականում, պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև այնտեղ ռուսական և հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, որ՝ պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա, խեղճ ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, որպեսզի հավասարակշռեն այդ ռազմական… Մենք ասացինք՝ շատ լավ: Մենք, հասկանալով, որ շատ մեծ ռեսուրսներ են ծախսվում դրա վրա, ասացինք՝ շատ լավ, եկեք՝ դուք տեղում դիտարկեք, տեսեք՝ այդ ամեն ինչն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ չի համապատասխանում»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Զախարովան ասաց, որ եթե նմանատիպ հայտարարությունները փորձ են՝ արդարացնել ԵՄ-ականների ներքաշումը ռեգիոն, ապա քիչ հավանական է, որ կարելի է այդ փորձը համարել հաջողված։

Նրա որակմամբ, ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղություն Լեռնային Ղարաբաղում, ռուս զինվորականները, սահմանապահներն աշխատում են ՀՀ տարածքում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։

«Երբեք չենք լսել Բաքվի մտավախությունները, դժգոհություններն այդ առնչությամբ։ Միևնույն ժամանակ գիտենք Ադրբեջանի ծայրահեղ վերաբերմունքը ՀՀ-ում դիտորդական առաքելություն տեղակայելու ԵՄ որոշման վերաբերյալ։

Տեսնո՞ւմ եք, որ պարզվում է՝ ամեն բան այնպես չէ, ինչպես Դուք ձևակերպեցիք։ Ակնհայտ է, որ Բրյուսելը նպատակ է դրել փոխել անվտանգային համակարգը, որը ձևավորվել է տարածաշրջանում»,- ընդգծեց Զախարովան։

Նա նաև ասաց, որ ցանկալի է հավատալ, որ Երևանում այս ամենը հասկանում են և հաշվի են առնում։

«Մենք բաց ենք հայ գործընկերների հետ երկխոսության համար Անդրկովկասում կայունության ամրապնդման միջոցառումների կատարելագործման հարցի շուրջ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ համապատասխան մշակումներ ՀԱՊԿ-ի միջոցով»,- ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս