Համընդհանուր հայտարարագրման արդյունքում քաղաքացուն հարցնելու են՝ էս գույքդ որտեղի՞ց. Բենիկ Գալստյան
«Ընդհանուր առմամբ երկրում պետական կառույցները գործում են շատ վատ։ Խայտառակ վիճակ ունենք նախաքննական մարմիններում, դատական համակարգում։ Նախաքննական մարմինները գերծանրաբեռնված են, ոչ թե ամիսներով, այլ տարիներով գործ չեն անում։ Նույնը վերաբերում է դատարաններին, և ունենք իրավիճակ, որ մարդը 3 տարի մեղադրյալ է»,- ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» քննարկման ժամանակ։
Անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքին՝ փաստաբանը նշեց, որ որոշ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե օրենքը միայն պաշտոնատար անձանց է վերաբերում կամ նախկին պաշտոնատար անձանց։
«Շտապեմ հիասթափեցնել․այդ օրենքը վերաբերում է բոլորին։ Նրանց, ովքեր ունեն կամ ունեցել են 50 միլիոն դրամը գերազանցող գույք։ Անցած տարի զարմանալի արագությամբ անցկացվեց օրենքի մի նախագիծ, խոսքը եկամուտների հայտարարագրման մասին է։ Բնակչությունը պետք է ներկայացնի եկամուտների համընդհանուր հայտարարագիր։ Հարցնելու են՝ հարգելի քաղաքացի, քեզ որտեղի՞ց այս գույքը։ Այս խնդրին ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,- նշեց փաստաբանը։