Կառավարությունը հաստատեց Հայաստանի առողջապահության համակարգի 2023- 2026 թվականների զարգացման ռազմավարությունը
Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը:
Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով նշեց, որ ռազմավարությունը կազմվել է համապարփակ ուսումնասիրության արդյունքում:
«Մեր ռազմավարության հիմնական նպատակն է բարելավել բնակչության առողջության պահպանումը և շեշտադրումը փոխել հիվանդաբուժությունից դեպի առողջության պահպանում, բարելավում, կյանքի սպասվելիք միջին տևողության աճ, կյանքի որակի բարելավում: Սրանք շատ կարևոր հայեցակարգային փոփոխություններ են, և, մեր կարծիքով, օգնելու են, որ առողջապահության ուղղվածությունը լինի ոչ միայն այն խնդիրներին, որոնք վրա են հասել, այլև ուղղված լինի նրան, որ ծնված օրվանից հոգ տանենք առողջության պահպանման մասին, առողջությանը վերաբերվենք որպես կարևորագույն ռեսուրս, և ամբողջ համակարգն այնպես կառուցված լինի մարդու շուրջ, որպեսզի աջակցի այդ ռեսուրսները պահպանելուն և մարդկային կապիտալի պոտենցիալը լավագույնս դրսևորելուն»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարն ընդգծեց, որ Հայաստանում ռազմավարական մակարդակում ուշադրություն է դարձվել նաև տարեցների առողջության հիմնախնդրին:
Խոսելով առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մասին՝ նախարարը նշեց, որ այն կփոխի ամբողջ համակարգի ֆինանսավորման մեխանիզմները և կնպաստի, որ դրանք ուղղված լինեն ավելի ծախսարդյունավետ, ավելի որակյալ ծառայությունների մատուցմանը և դրանց հասանելիության մեծացմանը: