ԵՄ-ն Վրաստանին 21 միլիոն եվրո անհատույց օգնություն կհատկացնի տնտեսության և բիզնեսի զարգացման համար
Եվրամիությունն ընթացիկ տարում Վրաստանին կհատկացնի 60 մլն լարի (21 մլն եվրո)՝ որպես անհատույց օգնություն այնպիսի ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, ինչպիսիք են տնտեսությունը և բիզնեսը, գյուղատնտեսությունը։
Եվրամիության կողմից դրամի հատկացման որոշումը կայացվել է դեռ անցյալ տարի։ 5,67 մլն եվրո կհատկացվի տնտեսության և բիզնեսի զարգացման, 3,2 մլն եվրո՝ գյուղատնտեսության աջակցության ծրագրի իրականացման համար:
Բացի դրանից, 5 միլիոն եվրո կհատկացվի Վրաստանի տարածաշրջանային զարգացման ծրագրի համար, ևս 7 միլիոն եվրո՝ աշխատաշուկայի կարիքները բավարարելու նպատակով մարդկանց աշխատանքային հմտությունների կատարելագործման և զարգացման համար, հավելել են ներկայացուցչությունում։ Այսօրվա դրությամբ ԵՄ-ն Վրաստանում իրականացնում է ավելի քան 160 ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 500 մլն եվրո: