![](/banners/BeFunky-design.jpg)
Սիրիայի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Արևմուտքը Դամասկոսին օգնություն չի ցուցաբերում երկրաշարժից հետո
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/1103739.jpg)
Սիրիայի նախագահի խորհրդական Բութեինա Շաաբանը հայտարարել է, որ արևմտյան երկրները երկրաշարժից հետո օգնություն չեն ցուցաբերում Սիրիայի կառավարությանը, այլ աջակցությունն ուղարկում են միայն ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներ` «Սպիտակ սաղավարտներ» խմբավորմանը։
«Ցավոք, Արևմուտքին անհանգստացնում են միայն այն տարածքները, որտեղ ահաբեկիչներն են, որտեղ «Սպիտակ սաղավարտներն» են, բայց նրանց չեն անհանգստացնում այն տարածքները, որտեղ ապրում է սիրիացիների մեծամասնությունը… Ճշմարտությունն այն է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան միայն պաշտպանում են… «Սպիտակ սաղավարտներին»… Փողերի մեծ մասը, ողջ սարքավորումը Եվրոպայից և ԱՄՆ-ից ուղարկվել է Թուրքիա
Սիրիայի համար Եվրոպայից բոլորովին ոչինչ (խմբ.՝ չի եկել)», – Շաաբանն ասել Է բրիտանական Sky News հեռուստաալիքին: Սիրիայի նախագահի խորհրդականը նաև նշել է, որ Սիրիայի կարողություններն՝ արձագանքելու ավերիչ երկրաշարժին, խոչընդոտվել են «վերջին 12 տարիների ընթացքում ահաբեկչության դեմ իրենց մղած պայքարի պատճառով»:
Ըստ վերջին տվյալների՝ Սիրիայում զոհվել է առնվազն 3100 մարդ, այդ թվում՝ 1900 մարդ՝ ապստամբների կողմից վերահսկվող շրջաններում: Փլատակների տակ մնացած մարդկանց որոնումները շարունակվում են: Երկուշաբթի օրը երկու հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայի տարածքում, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 12 հազարը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում 7-օրյա համազգային սուգ է հայտարարել տարերային աղետից տուժածների համար։ Երկրի տասը նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է սահմանվել։