ԱԺ-ն համաձայնություն տվեց Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
ՀՀ ազգային ժողովը հավանություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը:
Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, կողմ է քվեարկել 67 պատգամավոր:
Ըստ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության՝ Չարչյանը, ընդգրկված լինելով Արթուր Ռոբերտի Սարգսյանին առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության կեղծ եզրակացություն:
Խորհրդարանը փետրվարի 8-ին համաձայնություն էր տվել նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը: