
«Միթե՞ մենք չենք կարողանալու ունենալ համազգային բարոյականով ու համընդհանուր նպատակներով առաջնորդվող գեթ մեկ միասնական սերունդ».Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպես ազգ, որպես առանձին էթնիկ միավոր, մեզ միշտ պակասել է միասնությունը: Մեզ շարունակ փորձել են բաժանել, տրոհել, տարանջատել և մենք ինքներս, պատմության գրեթե ողջ ընթացքում ոչ միայն «համակերպվել ենք» այդ բաժանումների հետ, այլ նաև խորացրել ենք այն` ավելի ու ավելի բարդացնելով միասնականության հարցը:
Արևմտահայ, արևելահայ, տաճկահայ, ռուսահայ, սփյուռքահայ, արցախցի, հայաստանցի, քյավառցի, լոռեցի, մշեցի, վանեցի, ջավախքցի, լիբանանահայ, ամերիկահայ, բրազիլահայ և այսպես շարունակ: Անիմաստ հակադրություններ, վնասակար տարաձայնություններ, մշակութային խառնաշփոթ, աննպատակ ներքին պայքար, ոչ մի տեղ չտանող մրցակցություն, տեղական պսեվդոհայրենասիրություն…
Մեկ անգամ միավորվեցինք` ունեցանք անկախ պետականություն, ազատագրված Արցախ, զարգացող պետություն: Հետո ինքներս մեր ձեռքբերումը չգնահատելով, միմյանց վաստակն ու դերակատարումը չհանդուրժելով, դրսի թշնամիների թաքնված աջակցությամբ կրկին պառակտվեցինք, հեռացանք իրարից, տրոհվեցինք ու հասանք մինչև կործանարար նիկոլիզմին:
Շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր Հայ մտածի այս մասին: Որովհետև ցավալիորեն ճշմարիտ է այն միտքը, որ հայերի միակ և ամենամեծ հակառակորդը` հայերն են:
Միթե՞ մենք չենք կարողանալու ունենալ համազգային բարոյականով ու համընդհանուր նպատակներով առաջնորդվող գեթ մեկ միասնական սերունդ, որն արմատապես կփոխի մեր Ազգի կորստաբեր պատմության ընթացքը և կրկին կտանի իսկական վերելքի ճանապարհով»։