
Աթլետները Ստամբուլի փոխարեն կմասնակցեն Բելգրադի մրցաշարին

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները չեն մասնակցի Ստամբուլում նախատեսված Բալկանյան երկրների առաջնությանը, սակայն մրցաշարի մի հատված տեղափոխվել է Սերբիա, որում Հայաստանը կունենա 4 վազորդ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը:
«Նախատեսված էր, որ կմասնակցեինք Ստամբուլում կայանալիք Բալկանյան երկրների առաջնությանը, սակայն վերջին դեպքերից հետո այն չեղարկվեց: Փոխարենը Սերբիայի ֆեդերացիան առաջարկել է Բելգրադում մասնակցել իրենց ամենամյա մրցաշարին (փետրվարի 15), բայց այստեղ աթլետիկական ոչ բոլոր ձևերը կլինեն: Հայաստանը կներկայացնեն վազորդները` Ռազմիկ Մկրտչյանը, Երվանդ Մկրտչյանը, Գայանե Չիլոյանը և Էլադա Ալավերդյանը»,-ասաց մասնագետը:
Բարսեղյանի խոսքով` եռացատկորդներից Լևոն Աղասյանը նախապատրաստվում է Ղազախստանում կայանալիք World athletics silver tour-ին, որը կկայանա փետրվարի երկրորդ կեսին:
«Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակցության հետ կապված կարծում եմ կունենանք մոտ երկու ուղեգիր, առանց սպիտակ քարտերը հաշվի առնելու: Ուղեգիր նվաճելու կարգը բարդացվել է»,-ասաց նա:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի քվոտաների համար աթլետները կսկսեն պայքարել ընթացիկ տարվա հուլիսի 1-ից, իսկ «օլիմպիական պատուհան»-ի վերջնաժամկետը մինչը 2024 թվականի հունիսի 30-ն է: