«Արցախն արձանագրում է՝ ՀՀ իշխանությունները հարված են հասցնում Արցախի բանակցություններին». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնաբանելով ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն ու Արցախի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, ասաց, թե ստացվում է  այնպես, որ, Աստված ոչ անի, թշնամու վաղվա պոտենցիալ հարձակման ժամանակ, եթե Ադրբեջանին հաջողվի ՀՀ որևէ մարզ օկուպացնի, ՀՀ ներկայիս իշխանությունը կհայտարարի, որ այդ մարզը զիջել են, որ փրկեն Հայաստանի մյուս մարզերը։

Ինչ վերաբերում է Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարարությանը՝ ուղղված Հայաստանից պաշտոնական մակարդակում հնչող ոչ հայանպաստ հայտարարություններին, Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ Հայաստանի իշխանությունների այդ հայտարարությունները ոչ միայն մեծ վնաս են հասցնում Արցախի հարցով տարվող բանակցային գործընթացին, այլ բավականին ծանր իրավիճակ են ստեղծում կոնկրետ այս պահին Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով։

«Սա հավաքական առումով Գուրգեն Արսենյանին է վերաբերում, բայց ոչ միայն նրան, քանի որ նմանատիպ այլ փաթեթավորմամբ հայտարարություններ արել են իշխող քաղաքական ուժի մեծ թվով ներկայացուցիչներ։ Լեռնային Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածք համարում է Նիկոլ Փաշինյանը, որը տարբեր ձևակերպումներով այս տարիների ընթացքում դա ներկայացրել է։ Փաստն այն է, որ Արցախն արձանագրում է՝ այս իշխանություններն իրենց գործողություններով, հայտարարություններով մեծ հարված են հասցնում Արցախի հարցով տարվող բանակցություններին, հայկական կողմի հիմքերին»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Արցախի ԱԺ 5 խմբակցությունները հայտարարություն էին տարածել՝ մասնավորապես նշելով.

Կարդացեք նաև

«Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսույթում, մասնավորապես՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների ելույթներում հաճախ են հնչում հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում:

Նմանատիպ հայտարարությամբ վերջերս հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին:

Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պաշտոնական արձագանքը:

Հետագայում նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով՝ կոչ ենք անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս