E128 սննդային հավելումն արգելված է՝ անկախ կառավարության առաջարկած իրավակարգավորումից. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն Իրավական ակտերի հրապարակման էլեկտրոնային հարթակում շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է արգելել E128 սննդային հավելման ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, օգտագործել սննդամթերքի արտադրության մեջ, ինչպես նաև այդ հավելումը պարունակող ապրանքների վաճառքը, դրանով կբացառվի մարդու առողջությանը սպառնացող վտանգը:
Ըստ նախագծի հիմնավորման՝ Սննդամթերքի ստանդարտների եվրոպական գործակալությունը (EFSA) մի շարք ուսումնասիրություններ է անցկացրել՝ պարզելու Е128-ի (կարմիր 2G) ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կարմիր 2G մոնո-ազո ներկանյութը մետաբոլիզացվել է անիլինի, որը համարվում է գենոտոքսիկ միացություն, և այն պոտենցիալ քաղցկեղածին է: Ուստի եվրոպական հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 26-ի 884/2007 որոշմամբ պաշտոնապես արգելվել է սննդամթերքի արտադրության մեջ E128 (Red 2G) սննդային հավելման օգտագործումը։ Հարկ է նշել, որ Ռուսաստանի Դաշնության պետական գլխավոր սանիտարական բժշկի N 69 որոշմամբ վերը նշված սննդային հավելման ներմուծումը և օգտագործումը դեռ 2007 թվականի սեպտեմբերի 3-ին է արգելվել Ռուսաստանի Դաշնության տարածքում:
168.am-ը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հետաքրքրվեց, թե կա՞ ուսումնասիրություն՝ հատկապես ո՞ր սննդամթերքում է շատ օգտագործվում E128 սննդային հավելումը, շատ է ներկրվո՞ղ, թե՞ տեղական արտադրանքում:
«ԵԱՏՀ խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի N 58 որոշմամբ հաստատված «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» (ՄՄ ՏԿ 029/2012) ՄՄ տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածով՝ սննդամթերքի արտադրության մեջ թույլատրելի սննդային հավելումների ցանկով E128-ը սահմանված չէ։ Ինչը նշանակում է, որ այն արգելված է՝ անկախ կառավարության առաջարկած իրավակարգավորումից, որով նախատեսվում է ՀՀ-ում արգելել E128 սննդային հավելումը: ՍԱՏՄ կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների ընթացքում որևէ սննդամթերքի մակնշման մեջ այդ հավելումը նշված չի եղել, եթե նշված լիներ, ապա՝ հղում տալով վերը նշված տեխնիկական կանոնակարգին, տվյալ սննդամթերքի իրացումը կկասեցվի»: