Բորիս Բախշիյանի գործով աննախադեպ ճնշում է գործադրվում խորհրդակցական սենյակում գտնվող Վերաքննիչ դատարանի վրա
Այս պահին 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ աննախադեպ ճնշում է գործադրվում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի գործով խորհրդակցական սենյակում գտնվող Վերաքննիչ դատարանի կազմի վրա:
Իշխանությունները Վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, ըստ որի՝ Բորիս Բախշիյանն արդարացվել էր:
Վերաքննիչ դատարանը այս գործով խորհրդակցական սենյակում է գտնվում երեկվանից՝ նախագահող դատավոր Գրիգոր Հովհաննիսյան, Լուսինե Աբգարյան, Կարեն Ամիրյան կազմով:
Հիշեցնենք, որ 2022թ. սեպտեմբերի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, հրապարակեց վճիռը՝ արդարացնելով Բախշիյանին՝ ճանաչելով և հռչակելով դատավորի անմեղությունը։
Հիշեցնենք նաև, որ դատավորը մեղադրվում էր իր վարույթում գտնված գործերից մեկով մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք:
ԲԴԽ-ն շատ արագ թույլատրեց և քրեական հետանդում սկսել դատավորի նկատմամբ, և կալանավորել: Եվ սա այն դեպքում, երբ հետագայում անգամ նախաքննական մարմինը՝ ԱԱԾ-ն, չմիջնորդեց նրա կալանքը երկարացնել:
Առաջին ատյանի վճիռը դատախազությունը բողոքարկեց Վերաքննիչ դատարան, և հիմա հենց այս վճիռը բեկանելու համար է ճնշում գործադրվում դատարանի վրա: