«2027 թվականից առողջության ապահովագրությունը պարտադիր կլինի բնակչության համար». Անահիտ Ավանեսյան

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու մասին օրենքի նախագիծը:

Նախարարի փոխանցմամբ՝ առողջության ապահովագրման համակարգի ներդրման մեկնարկը կտրվի այս տարի, որը կլինի նախապատրաստական փուլը: Ավանեսյանը մի քանի կետով ներկայացրեց, թե այս տարի կոնկրետ ինչ աշխատանքներ են նախատեսում կատարել.

«2023 թվականի առաջին փուլում կունենանք ծառայությունների փաթեթը, որն արդեն մշակվել է, դրանց վերանայում և ամբողջացում:

Կհաստատվեն փաթեթի գները: Դրանք չեն հաշվարկի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք, ինչպես նաև կորոշվի պետության կողմից համաֆինանսավորման չափերը:

Կարդացեք նաև

2024 թվականից պետության կողմից ֆինանսավորվող, պետական պատվերի շրջանակներում մեր բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն և նրանց տրամադրվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական, ինչը կնպաստի, որ մենք չունենանք խառը, մասնատված համակարգ, երբ մի խմբին հասնում է ծառայությունների մեկ փաթեթ, մեկ այլ խմբին՝ այլ փաթեթ, և երբեմն խառնաշփոթ է առաջանում, թե, օրինակ՝ 2-րդ կարգի հաշմանդամ զինվորականն ինչպիսի ծառայություններից պետք է օգտվի:

2024 թվականին մենք կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ և կսկսենք կամավոր ապահովագրության շրջանակներում ներառել նաև այլ ցանկացողների:

2025 թվականին պետության կողմից կներառվեն թոշակառուները, նրանք ևս կօգտվեն ապահովագրական փաթեթի ողջ ծառայություններից:
Այս տարիներին կշարունակվի կամավոր ապահովագրական շրջանակներում քաղաքացիների ներառումը մեր ֆոնդի շրջանակներում:

2027 թվականից արդեն կունենանք պարտադիր ապահովագրական ծածկույթ ամբողջ բնակչության համար»:
Գործադիրը հաստատեց նախագիծը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս