«Մամուլում դավաճանության դեպքերի հետևողական թմբկահարումը հստակ քաղաքական օրակարգ է սպասարկում». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Դավաճանությունը, լրտեսությունը և դասալքությունը նոր երևույթներ չեն։ Դրանք եղել են ինչպես 1992-94 թթ․-ի պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո։ Բայց Վազգեն Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը կամ էլ Սերժ Սարգսյանը հեռուստաեթերներով դրա մասին չէին աղաղակում, դրոշակ չէին դարձնում և ձախողումները դասալիքների և դավաճանների վրա չէին բարդում։ Իսկ ձախողումներ եղել են։

Վազգեն Սարգսյանը ուղիղ եթերով չէր դժգոհում, որ մահապարտների ստորաբաժումը դժվարությամբ է համալրվում կամ էլ չի համալրվում, ընդհակառակը՝ պետական քարոզչությունը հակառակ պատկերն էր ցույց տալիս։

Այլ է ներկայիս դրությունը։ Վերջին երկու տարիներին մամուլում դավաճանության դեպքերի հետևողական թմբկահարումը, կարծես թե, հստակ քաղաքական օրակարգ է սպասարկում։ Ավելի կոնկրետ՝ Նիկոլը ի՞նչ մեղք ունի, դավաճաններն ու դասալիքներն են մեղավոր։

Ամեն ինչ չի, որ պետք է լուսաբանվի, նույնիսկ որևէ կամայական տեղեկության շրջանառման տակ պետք է պետական քաղաքականություն դրված լինի։

Վստահ եմ, որ որոշ մարդիկ մեկնաբանություններում տեղադրելու են Վազգեն Սարգսյանի այն հայտնի տեսանյութը, որտեղ նա սպառնում է դասալիքներին։ Այդ ելույթը ավելի շատ իմ գրառման օգտին է, քանի որ քաղաքական իշխանությունն այդ տարիներին իսկապես պայքար էր մղում դասալքության դեմ։ Իսկ վերջին պատերազմում մարտական դիրք թողնելը նույնիսկ նորաձև էր դարձել, և իշխանությունը ոչ մի քայլ չէր ձեռնարկում կարգ ու կանոն ապահովելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս