Դատախազությունում Կարեն Գաբրիելյանին երեկ նոր պաշտոնի փոխադրած Աննա Վարդապետյանն այսօր նրան ազատել է այդ պաշտոնից
Աննա Վարդապետյանը երեկ հրաման էր ստորագրել Կարեն Գաբրիելյանին Լոռու մարզի դատախազի պաշտոնից Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին փոխադրելու մասին։
Այսօր Աննա Վարդապետյանը մեկ այլ հրաման է ստորագրել՝ Կարեն Գաբրիելյանին ազատելով երեկ իր նշանակած պաշտոնից․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 1-ից»:
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Փաստաթղթեր բաժնում հրամանը տեղադրված չէ, և հրապարակումից պարզ չի դառնում, թե սեփական դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից Կարեն Գաբրիելյանը, թե դատախազի որոշմամբ։
Նշենք, որ Կարեն Գաբրիելյանը եղել է նաև Շիրակի մարզի դատախազը։