ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը 2022 թ.-ի 11 ամսում ավելի քան 13 %-ով աճել է
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների փոխադարձ առևտուրը 2022 թ.-ի 11 ամսում աճել է ավելի քան 13%-ով: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը 2022 թ.-ի 11 ամսում աճել է ավելի քան 13 %-ով՝ հասնելով գրեթե 74 միլիարդ դոլարի»,- հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ ամփոփելով ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների կայունության ապահովման բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստի արդյունքները։
Նա հիշեցրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրները ճշգրտել են մաքսային-սակագնային կարգավորումը՝ բիզնեսին աջակցելու համար։ Ռեշետնիկովի խոսքով՝ ԵԱՏՄ երկրների համակարգաստեղծ ձեռնարկությունները մինչև այս տարվա վերջը կկարողանան ներկրման մաքսատուրքերի վճարման հետաձգում կամ տարաժամկետում ձևակերպել։
«20-ից ավելի փոփոխություններ են կատարվել Միության ակտերում, որպեսզի նոր և գործող նորմերը լրացուցիչ ծանրաբեռնվածություն չստեղծեն բիզնեսի համար: Համաձայնեցվել են ազգային արժույթներով հաշվարկների զարգացման մոտեցումները, ստեղծվել Է հիմք եվրասիական «հնգյակի» երկրների ընկերությունների միջև անվտանգ հաշվարկների համար,- ընդգծել է Ռեշետնիկովը։- Այս բոլոր որոշումներն ազդել են Միության տնտեսության զարգացման դինամիկայի վրա»։
Նախորդ տարվա կարևոր ձեռքբերումներից նախարարը նշել է ԵԱՏՄ ներքին շուկայի միասնության պահպանման մի շարք առանցքային որոշումները. դրանք են թե՛ առավել զգայուն ապրանքների առևտրի ինդիկատիվ հաշվեկշիռների հաստատումը, թե՛ խնդրահարույց իրավիճակների օպերատիվ կարգավորումը տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում: Առանձին նշվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծման որոշումը, որը համակարգված աջակցություն կցուցաբերի «հնգյակի» երկրների արտահանման ներուժի իրականացմանը։
Տնտեսական զարգացման նախարարության տվյալներով՝ ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 5%-ով։ Միությունում պահպանվել է նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը։
«Չնայած պատժամիջոցներին՝ ԵԱՏՄ երկրներում 5,3 %-ով աճել է արտաքին ներդրումների և ԵԱՏՄ-ի երկրների ներսում ներդրումների ծավալը: Բիզնեսը շարունակել է կարևոր ինտեգրացիոն նախագծերի իրականացումը», – հայտնել է Ռեշետնիկովը։
Աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա մարտին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստից հետո: