ԵԿՄ-ն պատասխանել է Մովսես Հակոբյանին
ԵԿՄ մամուլի բաժինը պատասխանել է Մովսես Հակոբյանի՝ 168.am-ի հետ զրույցում արտահայտած մտքերին։
Մեզ հետ զրույցում Մովսես Հակոբյանը Սասուն Միքայելյանի մասին ասել է. «Փողոցի մաքրուհիներից էլ հարցրեք, իրենք էլ գնահատական կտան բանակի մասին, ինքն այդ դասին է դասվում»։
Արցախի հերոսին, գեներալ-գնդապետին վայել չէ համեմատել հաստիքները, որի հետեւանքով մարդկանց որոշակի խմբեր ներկայացվում են բացասական լույսի ներքո։ Ի տարբերություն ձեզ մենք մարդկանց չենք դասում ըստ հաստիքների եւ կարեւորում ենք ու հարգում յուրաքանչյուրի կատարծ աշխատանք։
Այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից ու մենք միշտ եղել ենք եւ այսօր էլ խրամատում ենք՝ կատարելով մեր առջեւ դրված մարտական խնդիրը։ Երեւանի տաքուկ անկյուններից անհիմն հայտարարություններ տարածելն այնուամենայնիվ շատ հեշտ է։ Բանակ չի եղել ասելով անհրաժեշտ է հասկանալ, որ խոսքը վերաբերվում էր ռազմաքաղաքական էլիտային եւ ոչ իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարող զինծառայողին։
Որոշ բարձրագույն զինվորական անձինք (ի դեմս ձեզ) իրենց զբաղեցրած պաշտոնները ծառայեցնում էին ոչ թե ի նպաստ Հայաստանի Հանրապետությանն ու Զինված ուժերին, այլ ծառայեցնում էին անձնական շահերի սպասարկմանը։
Քանի որ, հանրային ու պետական ծառայությանը գնահատական տվողը դուք չեք, այլ քաղաքացին՝ անհրաժեշտ է հիշել, որ Սասուն Միքայելյանը մշտապես զբաղեցրել է ժողովրդի կողմից ընտրովի պաշտոններ եւ հենց դա է նրա գնահատականը։
Հայտնի միտքը ասում է․ «Ամեն հաչացող շան վրա քար գցելով նպատակիդ չես հասնի»։ Մեր նպատակը եղել է եւ կա Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության անվտանգությունը, սահմանների անառիկությունը՝ ինչին էլ ուղղված է մեր այսօրվա գործունեությունը»։