Վրաստանի ՆԳՆ-ն հերքում է Բելառուսին և ՌԴ-ին Վրաստանի քաղաքացիների մասին տվյալների տրամադրման մասին լուրերը
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտն արձագանքել է լուրերին, թե Վրաստանի քննչական մարմինները Ռուսաստանի և Բելառուսի հատուկ ծառայություններին (ՀԾ) Վրաստանի քաղաքացիների մասին անձնական տվյալներ են տրամադրել: Այս մասին գրում է aliq.ge-ն։
ՆԳՆ-ի ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտն այս տեղեկությունը հասարակությանը մոլորեցնելու փորձ է որակել՝ ընդգծելով, որ կեղծ լուրերի տարածումը պատվիրված է քաղաքական խմբերի կողմից։
Բացի այդ, ՆԳՆ-ն տարածած հաղորդագրության մեջ բացառել է ՆԳՆ-ի ծրագրերի միջոցով տեղեկատվության ձեռքբերումը․ «Վրաստանի ՆԳՆ-ի փորձաքրեագիտական վարչությունը տարբեր հետազոտությունների համար օգտագործում է մի քանի տեսակի ծրագրեր, այդ թվում՝ դակտիլոսկոպիկ նույնականացման համակարգ՝ Dakto-2000, հաբիտոսկոպիկ նույնականացման համակարգ՝ POLYFACE և բալիստիկ նույնականացման համակարգ՝ ARSENAL: Նախարարությունը ծրագրային ապահովումը ձեռք է բերել տարբեր ժամանակներում…»։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հիշյալ համակարգերը կապ չունեն որևէ արտաքին ցանցի հետ, ինտեգրված են միայն ՆԳՆ-ի ներքին ցանցին, օգտատերերի մուտքը խստորեն սահմանափակված է, ծրագրերն օգտագործվում են փորձագետների կողմից՝ հատուկ նշանակված օգտանունով և գաղտնաբառով։ Ըստ ՆԳՆ-ի՝ դրսից , այդ թվում արտադրողի կողմից համակարգ մուտք գործելն անհնար է.
«Եւս մեկ անգամ շեշտում ենք, որ տարածված տեղեկատվությունը կեղծ է, հասարակությանը մոլորեցնելու փորձ և Վրաստանի քննչական և փորձագիտական մարմինների կանխամտածված վարկաբեկում է»: