Washington Examiner. «Էրդողանը չարորակ ուռուցք է»
Բրիտանական «The Economist» հանդեսից, «Bloomberg» գործակալությունից և գերմանական «Stern» ամսագրից հետո այս անգամ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անդրադարձել է ամերիկյան մամուլը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Washington Examiner» ամսագիրը հոդված է հրապարակվել՝ «Բայդենը պիտի Էնես Քանթերին պաշտպանի Էրդողանի չարությունից» սկանդալային վերտառությամբ։
«Արմատներով թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը, ով հարում է գյուլենական շարժմանը, ԱՄՆ քաղաքացի է և այդ իսկ պատճառով նա լիովին իրավունք ունի պաշտպանություն ստանալ պետությունից»,- նշվում է հոդվածում։
«Washington Examiner»-ը դիտարկման է առել նաև Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի ունեցած դերը:
«Էրդողանն աշխարհաքաղաքական հարցերում չարորակ ուռուցք է: Դիվանագիտական դաշտում նա խոչընդոտում է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, իսկ ահա ռազմական դաշտում կազմակերպում է արյունալի հարձակումներ Սիրիայում»։
Հիշեցնենք, որ «The Economist» հանդեսը գրել էր. «Պարոն Էրդողանը որքան երկար մնաց իշխանության ղեկին, այնքան ավելի ավտոկրատ դարձավ և հիմա էլ երկիրը տանում է դեպի բռնապետություն»։
«Bloomberg» գործակալությունը գրել էր. «Էրդողանը չպետք է մասնակցի հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովին ու սեղանին պիտի դրվի NATO-ից Թուրքիայի հեռացման հարցը»։
«Stern» ամսագիրն էլ գրել էր. «Էրդողանը կոնֆլիկտներ է հրահրում, նսեմացնում է ՆԱՏՕ-ի դերը և ռազմագործողություններ վարում Սիրիայում»։