Էդուարդ Աղաջանյանը հրաժարական է տվել, մինչդեռ նրան որպես հանձնաժողովի նախագահ Մոսկվա են գործուղել. Antifake.am
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի հարցն այնքան արագ է որոշվել, որ անգամ ԱԺ ղեկավարությունը չի հասցրել վերանայել նրան խորհրդակցությունների համար Մոսկվա գործուղելու կարգադրությունը։ Այս մասին գրում է antifake.am-ը։
Նշենք, որ կարգադրությունն ստորագրվել է հունվարի 25-ին ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի կողմից. «ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների (կոմիտեների) նախագահների խորհրդակցությանը մասնակցելու համար 2023 թվականի հունվարի 31-ից փետրվարի 1-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանին»:
Ընդ որում, կարգադրությունը հրապարակվել է այսօր ու հենց այսօր էլ հայտնի դարձավ, որ Էդուարդ Աղաջանյանը հրաժարական է տվել։ Այլ խոսքով՝ ԱԺ-ում, ավելի ճիշտ՝ ՔՊ-ում բավական խառն են ու միմյանցից անտեղյակ։